Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չխոսեց

Մարտ 25,2013 13:50

Այսօր ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան վեցերորդ տարելիցի օրը, Երեւանի քաղաքային պանթեոնում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Aravot.am-ը ցանկանում էր վարչապետից պատասխաններ ստանալ՝ վերջին օրերին իր դեմ վերսկսված ԲՀԿ-ականների քննադատության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորներն առիթը բաց չթողեցին խորհրդարանական ամբիոնից եւ տարբեր ձեւաչափերով վարչապետի հասցեին քննադատություն հնչեցնելու: Ի վերջո, բանավեճը տեղափոխվեց սոցցանցեր:

Տիգրան Սարգսյանը, սակայն, եկավ եւ գնաց նախագահ Սերժ Սարգսյանի շքախմբի հետ՝ չշփվելով լրագրողների հետ:

Արարողությանը ներկա Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ, ի պատասխան իր հնարավոր պաշտոնանկության մասին Aravot.am-ի հարցի, ասաց. «Քաղաքականությունից մի բան էլ չեմ պատասխանի, գերեզմանատուն է էստեղ»: Պարոն Բարսեղյանն ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի սիրով, բայց իր աշխատասենյակում:

Հարցերի պատասխանելուց խուսափեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այնուհանդերձ՝ մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, ասաց. «Նորմալ եմ վերաբերվում եւ դրանով, կարծես թե ամեն ինչ ասված է: Չեմ էլ կարծում, որ այստեղ նման հարցեր կարելի է քննարկել»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, հավաստի՞ են իր պաշտոնանկության մասին լուրերն, այդ պատճառով է նորմալ վերաբերվում, նախարարը վրդովված պատասխանեց. «Այսինքն, հարմար չեմ գտնում այստեղ այդ հարցին պատասխանելու: Սա այդ վայրը չէ եւ որեւիցե խնդիր չեմ տեսնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031