Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը անլուրջ է համարում առաջարկները, որոնք ՀՀԿ նախագահը պատրաստ է քննարկել

Մարտ 25,2013 13:37

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն անլուրջ համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունները Սերժ Սարգսյանին: «Պատկերացնո՞ւմ եք ԱԱԾ-ի ղեկավար նշանակվի ընդդիմության գործիչը, այն էլ այն ընդդիմության, որը, անձամբ ես համոզված եմ՝ ղեկավարվում է դրսից: ՊԵԿ-ը, դատախազությունը… նման անլուրջ առաջարկությունները ես ի՞նչ քննարկեմ»,- այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր տարածվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, որտեղ մասնավորապես ասված է. «Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»:

Համլետ Հարությունյանի խոսքերով՝ ինքը չգիտի ինչ է Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում: Նրա համոզմամբ, եթե կոալիցիա մտնելու վերաբերյալ են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, ապա այդ հարցերը, ըստ նրա, Ազատության հրապարակում կամ փողոցներում չէ, որ պետք է քննարկվեն: «Նորից եմ կրկնում, չեմ կարծում, որ ուժային կառույցները հնարավոր է տալ: Նման բան աշխարհում հնարավոր չէ, այդպիսի դեպք չի եղել»:

Պարոն Հարությունյանի խոսքերով՝ Հովհաննիսյանի առաջարկները մի նպատակ են ունեցել. վիժեցնել փոխադարձ կոմպրոմիսի ընթացքը: «Իր առաջարկներով ցույց է տալիս, որ պատրաստ չէ բանակցությունների»:

Համլետ Հարությունյանն անդրադառնալով առաջիկա ավագանու ընտրություններին, ասաց, որ Հանրապետական կուսակցությունը գնում է առաջին տեղը գրավելու համար: Ըստ նրա, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կարող է լավ քաղաքապետ լինել: Պատգամավորը վստահեցնում է, որ Տ. Մարգարյանը քաղաքի կանաչապատման, աղբահանության եւ քաղաքին վերաբերող բարեկարգման մի շարք ծրագրեր է սկսել, որոնք դեռ անավարտ են եւ պետք է նրան հնարավորություն տալ՝ դրանք ավարտին հասցնելու:

Մանրամասները՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031