Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ընտրությունների գնահատականն ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում ու ադրբեջանցի պատվիրակի սկանդալը

Մարտ 25,2013 12:29

Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգի ութերորդ հարցը վերաբերում էր Հայաստանին։ Մեր երկրի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը ներկայացրին տեղեկատվություն փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ։Լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, թե նիստի ժամանակ ադրբեջանցի պատվիրակ Էլհան Սուլեյմանովը սկանդալ է սարքել` ցուցադրաբար լքելով նիստերի դահլիճը:

Ինչպես Haqqin.az-ին հայտնել է Սուլեյմանովը, ինքն իր ելույթում խստորեն քննադատել է Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներն ու ԵԽԽՎ դիրքորոշումը, սակայն նախագահող Անդրեաս Հերկելն ընդհատել է Սուլեյմանովի ելույթն ու թույլ չի տվել ավարտել: Ի նշան բողոքի՝ Սուլեյմանովը լքել է հանձնաժողովի նիստը եւ իր բողոքն է հայտնել նիստը նախագահողի վերաբերյալ:

Aravot.am –ը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց` իրականում ինչպիսի՞ն է եղել ԵԽԽՎ ներկայացուցիչների գնահատականը, որոնք մասնակցել են ՀՀ նախագահական ընտրություններին և ինչպե՞ս է իրեն պահել ադրբեջանցի պատվիրակը: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց. «Դա դեռ վերջնական զեկույց չէր: Վերջնական զեկույցը կպատրաստվի և կքննարկվի ապրիլյան նստաշրջանին: Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի նիստի օրակարգում հարցը դրված էր` որպես մամլո հաղորդագրության մասին տեղեկությունների ներկայացում: Կարծիքներ արտահայտեցին բոլոր նրանք, ովքեր մասնակցել են ընտրություններին` որպես դիտորդական առաքելության անդամ»:

Հետաքրքրվեցինք` արդյոք նրանց գնահատականները համընկնո՞ւմ էին ՀՀ օբյեկտիվ իրականության հետ: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Հիմնականում տպավորություններ էին ներկայացնում ընտրությունների ընթացքից: Դրանք ընդհանուր առմամբ նույն ոճով էին, ինչը զգացվում էր մամուլի հաղորդագրության մեջ: Իհարկե, կարծիքներ կային, որոնց հետ ես կվիճեի, բայց, այնուամենայնիվ, վստահ եմ, որ փորձել են օբյեկտիվ գնահատական տալ մամուլի հաղորդագրության մեջ»: Հետաքրքրվեցինք` ԵԽԽՎ ներկայացուցիչների` մասնավորապես ո՞ր գնահատականների հետ կվիճեր Դ. Հարությունյանը: Նա հարցին այսպես արձագանքեց. «Երբ լինի վերջնական եզրակացություն, այդ անհամաձայնությունների մասին կխոսեմ»:

Պարոն Հարությունյանը նաև մանրամասներ ներկայացրեց այն մասին, թե ապրիլյան նստաշրջանին ինչ ձևաչափով կքննարկվի ՀՀ ընտրությունների վերաբերյալ հարցը: Նա նշեց. «Առանձին ՀՀ-ի հարցի քննարկում չի լինի: Բայց առաջին օրը, երբ կլինի Բյուրոյի և մշտական կոմիտեի գործունեության վերաբերյալ քննարկում, այդ ժամանակ հարցը կքննարկվի ու կներկայացվի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գնահատականը»:

Անդրադառնալով ադրեբեջանցի պատվիրակի կազմակերպած սկանդալին` պարոն Հարությունյանը դա «սովորական ու ծանոթ երևույթ» համարեց և մանրամասնեց. «Ամեն անգամ, երբ քննարկում է տեղի ունենում այն թեմայի վերաբերյալ, որը առնչություն ունի կամ չունի ՀՀ-ի հետ, նրանք սկսում են նույն խոսակցությունները 100 տոկոս օկուպացիայի և այլնի մասին: Այս անգամ ևս ադրբեջանցի պատվիրակը ևս փորձեց այդ հարցերին անդրադառնալ, և երբ նախագահն ասաց, որ ամենևին այդ հարցը չենք քննարկում, դա նշանակում է շեղում թեմայից, ադրբեջանցի պատվիրակը`որպես բողոքի նշան, դուրս եկավ նիստերի դահլիճից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031