Տասնյակ հազարավոր տներ Մեծ Բրիտանիայում, եւ ավելի քան 40 հազար տուն Հյուսիսային Իռլանդիայում շաբաթ օրը մնացել էին առանց էլեկտրականության՝ գարնանային եղանակի քմահաճույքների պատճառով: Կանխատեսումների համաձայն, եղանակն ավելի է վատթարանալու:
ntdtv.ru-ի համաձայն՝ արդեն ուրբաթ օրը ձյունով ծածկվեց Անգլիայի եւ հյուսիսային եւ կենտրոնական հատվածների մեծ մասը, ինչպես նաեւ Հյուսիսային Իռլանդիան՝ առաջացնելով ինֆրաստրուկտուրային եւ փոխադրամիջոցային խնդիրներ: Ճանապարհները փակ են: Քամբրիա դքսությունում ստիպված էին հանել ձյան տակ մնացած մոտ 70 մեքենաներ:
Եղանակային պայմանների պատճառով Անգլիայում ժամանակավորապես փակել են հարյուրավոր դպրոցներ: Ռուսաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը սկզբում հետաձգեցին մինչեւ շաբաթ, իսկ հետո ընդհանրապես չեղյալ համարեցին:
Բացի այդ՝ դադարեցրին «Սելլաֆիլդ» ատոմային համակարգի աշխատանքը: Բրիտանական ԶԼՄ-ները տագնապ են հնչեցնում՝ բնական գազի պաշարները երկրում սահմանափակ են: Սակայն կառավարությունը վստահեցնում է, որ բնակչության կարիքները բավարարված են: