Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում մարտի 24-ին կայացած գյուղապետի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով` ինքաառաջադրված, նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ, Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ Արտաշես Սաֆարյանը 9 ձայների առավելությամբ առաջ է անցել իր մրցակցից` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Զաքար Զաքարյանից:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` Ա.Սաֆարյանի օգտին քվեարկել է 128, Զ.Զաքարյանի օգտին` 119 ընտրող:
Համայնքի 332 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 248-ը: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Վերին Բազմաբերդում արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված էր ՀՀ կառավարության հունվարի 31-ի որոշմամբ նախկին գյուղապետ Հունան Առաքելյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ: Կառավարությունը հիմք էր ընդունել Հ.Առաքելյանի առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ նրա հրաժարականը:
Կարդացեք նաև
Հ.Առաքելյանը գյուղապետ էր ընտրվել 2012թ.-ի սեպտեմբերի 23-ի ընտրությունների արդյունքում` հաղթելով այն ժամանակվա գործող գյուղապետ Արտաշես Սաֆարյանին, ով մարտի 24-ի ընտրություններում կրկին առաջադրվեց` պայքարելով 6 ամիս առաջ կորցրած պաշտոնի համար: