Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ նախկին դասախոս. Համալսարանում պետք է փոխվի հարմարվողականության մթնոլորտը եւ աթոռից կառչելը

Մարտ 25,2013 11:07

Aravot.am-ը տեղեկացրել է, որ դասադուլ հայտարարած ուսանողների հետ միջադեպ ունեցած ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին քննադատած Արարատ Միրզոյանի պայմանագիրը ԵՊՀ-ն չի «թարմացրել»: Չնայած Մայր բուհն իր արդարացումն ունի, բայց Արարատ Միրզոյանին սատարող դասախոսների ու գիտաշխատողների թիվը գնալով աճում է: ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի նախկին դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողներ Աննա Խեչոյանը և Լիլիթ Տեր-Մինասյանը եւս միացել են Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին: Պահանջատերերի թվում է նաեւ ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը, որն իր Ֆեյսբուքյան էջում  մտահոգություն էր հայտնել կատարվածի առիթով:

Aravot.am-ը Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց` համոզվա՞ծ է, որ իր ու որոշ դասախոսների քայլով համալսարանում մթնոլորտ կփոխվի: Արդյոք չի լինի այնպես, ինչպես Սեւակն էր ասում, «Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»:

«Մթնոլորտն արդեն փոխվել է: Եվ որքան շատ դասախոսներ բարձրաձայն արտահայտվեն յուրաքանչյուր հասարակական հնչեղություն ունեցող դեպքի առնչությամբ, այդքան իրավիճակը ավելի կփոխվի»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ հատկապես ի՞նչը պետք է փոխվի համալսարանում, եւ ումից պետք է առաջինը սկսել: «Երեւանի պետական համալսարանում պետք է առաջին հերթին փոխվի հին մտածողությունը, որի կրողն են հատկապես երիտասարդներից շատերը, պետք է փոխվի հարմարվողականության մթնոլորտը, ամեն գնով աշխատանքից կառչած լինելը ու պետք է առաջին տեղում լինի ազատության գաղափարը: Համալսարանը պետք է իր որակով տարբերվի մնացած բոլոր հաստատություններից, ինչպես եղել է անգամ սովետական շրջանում, երբ կոմկուսի առաջին քարտուղարները նույնիսկ զգուշավորություն էին ցուցաբերում համալսարանում հանդիպումների ժամանակ, քանի որ գիտեին, թե համալսարանականների մեջ շատ էին ազատ ու անկախ մարդիկ: Այդպես էլ այսօր համալսարանի ողջ աշխատակազմը պետք է շահագրգիռ լինի, որ նման մարդիկ շատ լինեն ու մեր մեջ պետք է ոչ թե հակառակորդների փնտրեն, այլ համալսարանի ապագայով մտահոգ մարդկանց»,-կարծում է Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, «Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների» ամբիոնի դասախոս Ավետիք Մեջլումյանն էլ, որ սատարել է Արարատ Միրզոյանին, մեզ հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ դասախոսների այս հայտարարությունը չի հանգեցնի համալսարանի ղեկավարության կողմից կայացված որոշման վերանայմանը: Պատճառներից մեկն էլ այն է, որ ԵՊՀ տարածած հայտարարության մեջ արդեն իսկ ժխտվել է կապը Արարատ Միրզոյանի և նրա հետ պայմանագիրը չշարունակելու որոշման միջեւ: Ուստի հայտարարությունից հետո Արարատ Միրզոյանի հարցում «զիջման» գնալը կնշանակի հակասության մեջ մտնել սեփական պաշտոնական դիրքորոշման հետ: Այս հայտարարության նշանակությունը ես մի քանի իմաստով եմ տեսնում՝

1. հակազդել համալսարանի ոչ թափանցիկ և ոչ կանխատեսելի գործունեությանը՝ ցուցաբերելով անհամաձայնություն

2. այս կերպ կանխարգելել նմանատիպ այլ իրավիճակները, որ կարող են տեղ գտնել մյուս դասախոսների պարագայում:

Եվ 3-րդ իմաստը, որ զուտ անձնական դրդապատճառներով է պայմանավորված՝ սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան քայլ կատարել՝ անկախ նրանից, թե դա որքանով արդյունավետ կարող է լինել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031