Ուկրաինայի կառավարությունը մարտի 25-ը Կիեւում եւ Կիեւի մարզում հայտարարել է ոչ աշխատանքային օր՝ «բնական աղետի հետեւանքները վերացնելու եւ աշխատանքային ժամանակն ավելի ռացիոնալ օգտագործելու նպատակով»: Դրա փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 13-ը՝ շաբաթ օրը: Այս մասին տեղեկանում ենք lenta.ru կայքից:
Բանն այն է, որ Կիեւում տեղացած 40 մլն տոննա ձյունը Կիեւը վերածել է շրջափակված քաղաքի: Մարտի 22-23 –ին Կիեւում այնքան ձյուն է եկել, որ տեղումների մեկամսյա նորման լրացել է, եւ քաղաքն ամբողջությամբ թաղվել է ձյան մեջ:
Կիեւի քաղաքագլուխ Ալեքսանդր Պոպովն այսօր կայացած բրիֆինգում հայտարարել է, որ արտակարգ իրավիճակը Ուկրաինայի մայրաքաղաքում կշարունակվի ամենաքիչը եւս մեկ շաբաթ. «Պետբյուջեից կներգրավվեն ողջ անհրաժեշտ միջոցները, որպեսզի առավելագույնս շատ մեքենաներ մասնակցեն ձյան մաքրմանը՝ մինչեւ հալոցքի սկսվելը»:
Ձյան մեծաքանակ տեղումների պատճառով ավտոճանապարհներին շարունակվում է արտակարգ վիճակը, իսկ Կիեւի օդանավակայանների աշխատանքները խափանվել են: Մասնավորապես, միջազգային Բորիսպոլ օդանավակայանը ավելի քան մեկ օր չէր ընդունում թռիչքներ՝ ոչ դեպի Կիեւ, ոչ Կիեւից դուրս: Միայն այսօր ժամը 16:00-ից հետո օդանավակայանը սկսեց աշխատել, այն էլ՝ ոչ ամբողջ թափով:
Կարդացեք նաև
Նույնքան առատ տեղումներ են եղել նաեւ Ուկրաինայի հյուսիսային եւ արեւմտյան տարածքներում եւ պատճառ դարձել, որ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ լինեն: Ինչպես հաղորդվել է մարտի 24-ի առավոտյան՝ առանց լույս են մնացել ավելի քան 600 բնակավայրեր: Ուկրաինայում մարտի 22-23-ին եղած տեղումներն արդեն իսկ համարվել են վերջին 100-ամյակում ամենաառատը: