Մառամ Ավան սովորում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում: Մասնագիտությամբ դիզայներ է: Լուսանկարչությամբ երեք տարի առաջ է սկսել զբաղվել: Պատմում է, որ դեռ մանկուց նկարչության հանդեպ սեր է ունեցել: Մի անգամ էլ` «Արեւորդի» էկոակումբի լուսանկարչության դասին, ֆոտոխցիկով մի քանի կադր է արել ու տարվել լուսանկարչությամբ: Մառամի աշխատանքների թեման, ինչպես ինքն է ասում` «հոգու թռիչք»-ն է, ոչ ստանդարտ հոգեվիճակը, զգացմունքը եւ խճճված անհանգստությունը:
«Երեւի ծեծված բառեր կասեմ, բայց իսկապես այդպես է` լուսանկարչությունը ինձ տալիս է ինքնարտահայտման մեծ հնարավորություն: Պարզապես հաճելի է զբաղվել լուսանկարչությամբ, ստեղծել պատկերներ, որոնք իմ հոգուն մոտ են»,- ասում է Մառամը:
Ըստ լուսանկարչուհու` նկարչությունը, լուսանկարչությունը եւ դիզայնը կապված են իրար հետ եւ միմյանց օգնում են. «Մի տեսակ դժվար է կոնկրետ ասել` ինչով, բայց քանի որ ես վաղուց նկարում էի, իմ մեջ կար արդեն կոմպոզիցիայի, գույների ճիշտ զգացում ու էլ պետք չէր սովորել դրանք»:
Մառամի համար լուսանկարչությունը զբաղմունք է, որն արդեն մասնագիտության է վերածվում: Ցուցահանդեսներ չի ունեցել, սակայն քարտերը չբացելով ասում է, որ ապագայում հնարավոր է ունենա: Ըստ նրա` լավ լուսանկարիչ լինելու համար պետք է գեղեցիկը զգալու ունակություն ունենալ: Լուսանկարչուհին ասում է` հաճախ մարդիկ նայում են, բայց չեն տեսնում, իսկ լուսանկարիչը նայում է եւ տեսնում:
Մառամի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Արամ Արարատյան
Լուսանկարների հեղինակ` Մառամ Ավա