Այսօր «Ֆորում» ակումբում անդրադառնալով նախագահի մամլո ասուլիսին` գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կարծիք հայտնեց, որ նախագահն անկեղծ էր պատասխանում հարցերին եւ զգացմունքայնություն դրսեւորում. «Իսկ դա մարդկային նշան է: Բոլոր հարցերի պատասխանները տրվեցին: Ես ներքին հպարտություն ապրեցի, որ մենք ընտրել ենք նախագահի, ով իր երկիրը լավ գիտի, ճանաչում եւ սիրում է մարդկանց»:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանից, Տեր-Գուլանյանն ասաց. «Անընդհատ ասել, թե «ժողովուրդն է հաղթել», արդեն մի տեսակ տարօրինակ է թվում: Թող ների ինձ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց դա ի՞նչ է նշանակում: Սերժ Սարգսյանին ձայն տվողը «ժողովուրդ» չի՞»: Մերուժան Տեր-Գուլանյանը մեջբերեց Թումանյանի խոսքերից` «այսօր բոլորը խոսում են ժողովրդի անունից: Ժողովուրդը գիտի եւ չի ների դա: Ո՞ւր ես` ժողովուրդ, քեզ էլ են կեղծում», ապա նշեց, որ պետք չէ շահարկել ժողովրդի անունը: Հրապարակախոսն ասաց, որ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը եւ գնացել տուն. «Րաֆֆի Հովհաննիսյանին էլ կոչ կանեմ դադարեցնել հացադուլը եւ գնալ տուն: Նա երիտասարդ է` կյանքն էլ դեմն է, թող էլի զբաղվի քաղաքական գործունեությամբ: Ես սա եղբայրաբար եմ ասում»:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նշեց, որ յուրաքանչյուրն էլ իրեն «ժողովուրդ» է համարում. «Երբ չենք հասկանում դիմացինի կարծիքը, նրան «հակառակորդ» ենք համարում: Բոլոր հարցերի լուծումը ոչ թե վեճով պետք է տրվի, այլ երկխոսությամբ»:
Պարոն Վարդազարյանն ասաց, որ թեկնածուներից ոչ մեկը չուներ կոնկրետ ծրագիր, բացի Սերժ Սարգսյանից. «Նրա ծրագրի մի մասն արդեն իրականացել է: Ինչո՞ւ մենք դա չենք նկատում, փոխարենը նկատում ենք այն թերությունները, որոնց մասին բոլորս էլ գիտենք: Մենք քայլ առ քայլ արվածը չենք ուզում տեսնել: Մարդն ավելի ընդունակ է հավատալ անհավատալիին, քան գնահատել փոքր նվաճումը»:
Կարդացեք նաև
Նախագահի ասուլիսի շուրջ կոմպոզիտորն ասաց, որ ամեն ինչ անկեղծ է ասվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ