Ֆիլմերն առնչվում են մարդու իրավունքներին
«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն «Մարդու իրավունքների պաշտպանություն-քաղաքացիական հասարակության կայացման հիմքեր» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանում կազմակերպել է վավերագրական ֆիլմերի փառատոն: Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Եվրոմիության եւ Չեխական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Փառատոնը բացվեց մարտի 23-ին եւ կտեւի 3 օր: Օրական ցուցադրվում է 2 ֆիլմ, կայանում են դրանց քննարկումներ: Մարտի 23-ին ցուցադրվեցին «Վերջին գնացքով վերադարձ դեպի տուն» ու «Դրոնան եւ ես» կինոնկարները:
Առաջին ֆիլմը պատում է չինական գյուղերից դեպի երկրի արդունաբերական քաղաքներ աշխատանքային միգրացիայի, քաղաք մեկնած ծնողների եւ տարին մեկ անգամ նրանց տեսնող, գյուղում ապրող երեխաների միջեւ օտարացվածության մասին: Երկրորդ կինոնկարը սրտառուչ պատմություն է Ամստերդամում նմակվող, աուտիզմով հիվանդ մի տղայի՝ Դրոնայի մասին, ով երազում է քաղաքային երթուղու ավտոբուսի վարորդ դառնալ: Չնայած մուտքն ազատ է, սակայն Նոյեմբերյանի մշակույթի տան դահլիճում ազատ տեղեր շատ կային: Նախատեսվում է, որ այդ ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Նոյեմբերյանի հանրակրթական դպրոցներում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ