Այսօր Երեւանում 20.30-ից մինչեւ 21.30-ը գրեթե չի լինի լուսավորություն: Մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի եւ օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը: Հայաստանը եւս միացել է այն 152 երկրներին, որոնք անջատում են իրենց լույսերը` դրանով փորձելով նվազեցնել մարդկության հետքը բնության վրա: «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային Հայաստանը մասնակցում է արդեն հինգերորդ տարին: Ակցիայի նպատակն է միավորել ողջ հասարակությունը լույսերը մեկ ժամով անջատոլու գաղափարի շուրջ` հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման:
Այս նախաձեռնությանը իրենց աջակցությունն են հայտնել մի շարք հայաստանյան կազմակերպություններ եւ կառույցներ` այդ թվում նաեւ ՀՀ Բնապահպանության նախարարությունը: Նախարարության ներկայացուցիչ Մարտիրոս Ծուռուկյանը նշում է, որ սա չի արվում միայն էլեկտրաէներգիա խնայելու նպատակով. «Իրականացվելիք միջոցառումը առավելապես միտված է ազդելու մարդկանց գիտակցության, վարքի վրա, քան արտանետումներ կրճատելու, քանի որ ստեղծված իրավիճակի պատճառը մեծամասամբ պայմանավորված է մարդկանց վարքով»:
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանն էլ ներկայացրեց որոշ տվյալներ, ըստ որոնց անցած տարի մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա ստանալու համար մթնոլորտ է ուղղվում 170 գր արտանետումներ, իսկ այժմ այդ թիվը էլ ավելի է աճել` հասնելով 190գրամի:
Նախաձեռնությանը իր մասնակցությունն է հայտնել նաեւ Գյո ւմրին:
Կարդացեք նաև
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ