Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնաւորումներ

Մարտ 23,2013 14:46

Դասական ուղղագրութեան վերականգնման գործընթացը աւարտին հասցնելու համար

Որպէս Մուտք

2011-ի Հոկտեմբերին, Սփիւռքի Նախարար տիկին Հրանոյշ Յակոբեանը ընդունելով այդ ժամանակ հայրենիքում գտնուող կանադահայ լեզուագէտ-հնչիւնաբան դոկտ. փրոֆ. տիկին Դորա Սաքայեանին, ուղղագրական հարցերի շուրջ զրոյցի ընթացքում նրան առաջարկել էր ներկայացնել տեղեկանք՝ Մաշտոցեան հիմքով աւանդական դասական ուղղագրութիւնը վերահաստատելու հիմնաւորումներով: Հայաստանեան լրատւութիւնից իմանալով այս մասին, մէկ-երկու շաբաթ յետոյ (Նոյեմբերին ) Սփիւռքի նախարարին ուղարկեցի նամակ, շարադրելով որոշ կարծիքներ՝ առաջարկուած հարցի վերաբերեալ, որոնք վերջին մի քանի տարիներին տարբեր հրապարակումներով արծարծել էի սփիւռքահայ եւ հայաստանեան մամուլում: Ստորեւ ներկայացուող նիւթը դրանց ամփոփումն է:

Անհանգստացնող է Հայաստանում տիրող այն սխալ եւ անհիմն մտածելակերպը, թէ՝ 1940-ին լեզուաբան Գուրգէն Սեւակի ուղղումներից յետոյ (ինչը գործի շնորհակալ սկիզբն էր) Աբեղեանի խեղագրութիւնը իբր լրիւ շտկուեց եւ այլեւս չարժէ անդրադառնալ ուղղագրական կնճիռին: Մինչդեռ Գ. Սեւակը ինչ-ինչ պատճառներով, միայն մասամբ վերականգնեց մեսրոպեան աւանդական դասական ուղղագրութիւնը, պահպանելով աբեղեանական գրելաձեւի բազում սխալներ: Այսպէս օրինակ՝ այբուբենում չվերականգնեց ւ-(վիւն) գրանշանը եւ այդ գրանշանը ամենուրեք վ (վեւ) –ով փոխարինելը պահպանեց. կամ՝ տարիմաստ բառերում նման հնչուող, բայց տարբեր գրանշաններով գրուող տառերից միայն մէկը թողնելով եւ միւսը վերացնելով անհետացան որոշ բառարմատներ (սէր- սեր, մնաց միայն սեր ձեւը, գէտ-գետ- մնաց գետ ձեւը): Չի ուղղուել բառասկզբում յ-(հի) գիրը հ (հո)-ով գրելու սխալը (յանձին –հանձին), նաեւ այդ յ- գիրը բառավերջում չգրելը: Պահպանել է բառամիջում ու բառավերջում E հնչումը Է-ի փոխարէն Ե-ով գրելու սխալը (տնօրէն-տնօրեն, ափսէ-ափսե): Եւայլն:

Ներկայ յօդուածով կը փորձենք հանրութեանը, եւ մանաւանդ դասական ուղղագրութեան հակառակորդներին, ծանօթացնել այն հանրայայտ փաստարկումներին, որոնք յընթացս կը հիմնաւորեն

Ա) Աբեղեանասեւակեան սխալագրութեան վերացման կարեւորութիւնը, Բ) Աւանդական միասնական ուղղագրութեան վերականգնման՝ Գ. Սեւակի սկսած գործը ճշտիւ շարունակելու եւ աւարտին հասցնելու յոյժ անհրաժեշտութիւնը,

Գ) Եւ այդ հարցերի առթիւ երկու կողմերի համատեղ հրատապ քննարկումների խիստ այժմէականութիւնը:

Աբեղեանասեւակեան (կամ

հայաստանեան) ուղղագրութեան

վերացման հիմնաւորումները

Խեղագրուած ուղղագրութիւնը պէտք է վերացուի, որովհետեւ.

ա) Դասական գրահամակարգի (այբուբենի, ուղղագրութեան եւ քերականական կանոնարկումների) աբեղեանասեւակեան «ռեֆորմը» քաղաքական ապազգային ակտ էր եւ ըստ աշխարհի նշանաւոր լեզուաբանների՝ լեզուական անհրաժեշտութիւն չէր (1): Իսկ 19-20-րդ դարերում ուղղագրութիւնը փոփոխելու ոչ գիտական արտառոց տարբերակները (2) չեն ընդունուել ազգի կողմից եւ շարունակուել է կիրառուել դասական ուղղագրութիւնը:

բ) 1922-ից սկսած, խեղագրութիւնը միայն Խորհրդային Հայաստանում ընդունուեց՝ հակառակ հայ մտաւորականութեան բողոքների (3), քանզի «ռեֆորմը» լենինեան «Լեզուի մասին դեկրետ»-ից բխող պարտադրանքն էր՝ յանուն դեռեւս չեղած համաշխարհային յեղափոխութեան՝ լատինական գրերին անցնելու համար (4): Ռուս առաջաւոր մտաւորականութեան կողմից քննադատուած լեզուական դեկրետի ոյժով հայ կոմունիստների պարտադրած խեղագրութեանը դէմ է եղել նաեւ ազգի միւս կէսը՝ ներքին սփիւռքում՝ վրացահայերը, իսկ արտասահմանում՝ սփիւռքահայութիւնը: Վերջիններս չեն ընդունել եւ պայքարում են դրա դէմ՝ ցայսօր:

գ) Այդ պարտադրանքի՝ այսօր մերժելի քաղաքական նպատակն էր՝ խզում առաջացնել ազգի երկու հատուածների՝ «սոցիալիստական» արեւելահայերի ու «կապիտալիստական» արեւմտահայերի միջեւ, ինչպէս նաեւ հայաստանահայերին զրկել իր ազգային մշակոյթին, դարաւոր պատմութեանն ու արմատներին հաղորդակցուելուց, նրանց ձուլելու համար ընդհանուր «սոցիալիստական» ազգի մէջ (5):

դ) Լատինական գրերին անցնելու Կրեմլի նպատակը չյաջողելուց յետոյ, Աբեղեանի քաղաքական հովանաւորները անկեղծօրէն խոստովանեցին, որ եթէ չէր իրականանալու լատինական գրերին անցումը, ապա աւելի լաւ է վերադառնալ նախկին ուղղագրութեանը, ընդունելով, որ «նոր» ուղղագրութիւնը իրականում եղած «հին» ուղղագրութիւնից աւելի վատն էր (6) եւ որոշեցին ուղղել այլեւս իմաստ չունեցող խեղագրութիւնը, ինչի վերափոխման համար հինգ տարբեր պետական յանձնաժողովներ ստեղծելուեցին (7):

ե) Անկախացումից յետոյ այլեւս անիմաստ եւ անհիմն է զուտ քաղաքական ստոր, հեռագնայ նպատակներով եւ Կրեմլի «յոյժ գաղտնի» նշումով որոշումների պարտադրած «ռեֆորմը» պահել կիրառման մէջ, երբ վերացել է դրա քաղաքական հիմքը եւ գոյութիւն չունի այդ «օրէնքը» պարտադրող Խորհրդային պետութիւնը (միւս նախկին հանրապետութիւններում նոյնիսկ այբուբենի իրենց նախկին տառատեսակները վերականգնեցին):

զ) «Ռեֆորմով» աղաւաղուել է դասական ուղղագրութեամբ մեր դարաւոր աւանդական բառապատկերը: Այդ բառապատկերները նախնիների անհետացած արտասանութեամբ հնչուող բառերի պատկերներն են, օրինակ, հնում V հնչոյթի տարբեր հնչումները պատկերուել են Վ եւ ւ գրանշաններով, այսօր միայն վ-ն ունենք:

Բացի այդ, նոյնահունչ, բայց տարիմաստ բառարմատները չեն տարբերւում մանաւանդ Է-Ե, Օ-Ո, Հ-Յ հնչիւնների դէպքում, երբ դրանք սկսեցին գրել մէկ-միեւնոյն գրանշանով ինչպէս՝ մեզ (դերանուն)-մէզ (միզել)—մեզ, հոտ (ծաղկի)-հօտ (ոչխարի)—հոտ, հանգել (մարել)- յանգել (եզրայանգել)—հանգել: Արդիւնքում կորցնում ենք լեզուի շատ բառարմատներ՝ աղքատացնելով մեր բառային ֆոնդը: Զարգացած լեզուներում նման բան չկայ (8):

է) «Նոր» ուղղագրութիւնը զուրկ է տրամաբանութիւնից, որովհետեւ Սեւակի կարգաւորումը թերի մնաց՝ կիսով չափ պահպանելով աբեղեանի սխալագրութիւնը: Չվերականգնուեց այբուբենի ւ (վիւն կամ հիւն) գրանշանը, հետն էլ վերացնելով իւ երկհնչիւնը (ինչպէս ֆրանսերէն U հնչումը), մինչդեռ այդ ւ-գիրը կայ շաղկապներում: Նաեւ սխալ էր երկհնչիւն «ու», սղագիր «եւ» շաղկապները այբուբենում որպէս տառեր համարելը: Այնուհետեւ, այբուբենում վերականգնելով Է-Օ գրանշանները, լրիւ չվերականգնուեց դրանց դասական գրելաձեւը, երբ Մաշտոցի սահմանումով E հնչումը բառասկզբում Է գրելը վերականգնուեց (Էշ, Էջ), բայց բառավերջում եւ բառամիջում Է-ով գրելը չվերականգնուեց (դասականով՝ բազէ, Կարինէ, սակայն գրում ենք բազե, Կարինե), իսկ դասական օրէնք բառի աբեղեանական սխալագրութեամբ որենք գրելաձեւում ուղղուեց միայն ո –ն՝ վերականգնելով օ գիրը, բայց ոչ է-ն՝ բառամիջում ե-ն թողելով նոյնը, թէեւ Է գիրը վերականգնուել էր այբուբենում եւ օրէնք դասական գրելաձեւը դարձաւ օրենք, կամ՝ փաստօրէն (փաստերի օրէնքով) բառը գրւում է փաստորեն, մինչդեռ իրենց նոր գրելաձեւով գոնէ պիտի գրէին՝ փաստօրեն (ինչպէս օրենքը): Անտրամաբանական է նաեւ, երբ դասական ուղղագրութեամբ բառասկզբի յ գիրը, որը երբեմն չի փոխում բառարմատի իմաստը, փոխարինուեց հ-ով (յանուն բառի անուն արմատը դարձաւ հանուն՝ որպիսի բառարմատ չկայ, ունենք հանել), նոյնը՝ յօրինել (արմատը՝ օրինել) բառը դարձաւ հորինել, իսկ հոր-ը ուրիշ արմատ է (ջրհոր): Նոյնպէս տրամաբանօրէն չի բացատրւում ըստ դասական կանոնի ա-ով, ո-ով վերջացող բառերում բառավերջի յ -ի վերացնելը, երբ այդ յ-ն գրւում է նոյն բառի փոխակերպումներում: Օրինակ. դասականով՝ բացակայ—բացակայութիւն, իսկ Գուրգէն Սեւակի ուղղագրութեամբ՝ բացակա–(առանց յ-ի)—բացակայութիւն. որտեղի՞ց եկաւ յ-ն: Նմանապէս՝ անբարոյ-անբարոյական գրելաձեւը դարձաւ անբարո- անբարոյական (արմատի վերջում չգրուած յ-ն գրւում է):

ը) Անարդարացի է պահպանել աբեղեանասեւակեան «նոր» ուղղագրութիւնը, քանի որ համաշխարհային լեզուագիտութեան մէջ աննախադէպ երեւոյթ է, երբ նոյն ազգի մի հատուածը, ի հեճուկս միւս հատուածի եւ առանց ընդհանուր փոխադարձ համաձայնութեան, ինքնուրոյնաբար փոփոխում է համազգային դարաւոր միասնական գրահամակարգը, ինչը յանգեցնում է երկու տարբեր գրահամակարգեր ունեցող երկու ազգերի առաջացմանը: Մինչդեռ գրահամակարգը համարւում է ազգի միասնականացման նախապայմանը:

թ) Ստուգաբանական գրահամակարգը հնչաբանականով փոխարինելով, ժողովրդին պարտադրուեց գրագիտական ցածր մակարդակ, որովհետեւ «ռեֆորմի» ելակէտը անգրագէտների համար «դիւրամատչելի» ուղղագրութիւն ստեղծելն էր (գրիր այնպէս, ինչպէս խօսում ես):

ժ) Քանի որ ուղղագրութեան 1922-40 թթ. «ռեֆորմը» հին իշխանութիւնների կողմից «սկզբունքօրէն քննարկման ոչ ենթակայ» քաղաքական ակտ էր, հետեւաբար պէտք է վերացուի նոյնպէս պետութեան քաղաքական հրամանով:

Դասական ուղղագրութեան

վերականգնումը շարունակելու

Հիմնաւորումները

Մենք պարտաւոր ենք պետականօրէն վերականգնել ու պահպանել եւ սերունդներին անխաթար փոխանցել հայերէնի դարաւոր, համազգային, միակերպ ու միասնական եւ մեսրոպեան հիմքով աւանդուած գրահամակարգը, որովհետեւ

Ա) Մաշտոցեան գրահամակարգը այդ իրաւունքը նուաճել է մեր ազգապահպանութեան եւ ազգային մշակոյթի մշտական զարգացման հիմքը լինելու եւ քաղաքակրթութեան ակունքներում գտնուող ազգի փորձն ու իմաստութիւնը ամփոփողի դերակատարման շնորհիւ: Մաշտոցեան այդ գրահամակարգով է գրուել մեր պատմագրութիւնն ու գրականութիւնը, փիլիսոփայութիւնն ու աստղագիտութիւնը եւ իր 1600-ամեայ մատենագրութեամբ է այդ ողջ մշակոյթը աշխարհին ներկայացուել:

Բ) Այդ գրահամակարգով է իրականացուել աշխարհով մէկ տարտեղնուած մեր ազգի տարբեր ժամանակաշրջանների, տարբեր հատուածների, տարբեր սերունդների կապն ու նրանց ստեղծած հոգեւոր-մշակութային ժառանգութեան փոխանցումը:

Գ) Գրաբանական տեսութեան համաձայն գիրը բառապատկեր է, կարդալը՝ բառապատկերի յիշողութիւն, հետեւաբար մեր լեզուական յիշողութեան մէջ դրոշմուած աւանդական բառապատկերը պէտք է պահպանուի: Այլապէս, փոփոխուած բառապատկերները յաջորդ սերունդները չեն կարող կարդալ եւ հասկանալ:

Դ) Մաշտոցեան գրահամակարգը իր դարաւոր մատենագիտութեան հետ միասին համարւում է լեզուաբանութեան մէջ ընդունուած ստուգաբանական հիմքով ստեղծուած գրահամակարգ, որի դէպքում պարտադիր չէ ուղղախօսութեան եւ ուղղագրութեան բացարձակ համապատասխանութիւն, ինչը յատուկ է նոր-նոր գիր ու գրականութիւն ստեղծող լեզուներին բնորոշ պարզունակ (պրիմիտիւ) հնչական գրաբանական համակարգին: Ուղղագրական «ռեֆորմը» վերադարձ էր դէպի հնչական տեսութեան, ինչը պարտադրում էր բանաւոր խօսքի հնչիւնական հիմքի յետագայ ամէն փոփոխութեան հետ փոխել այբուբենն ու ուղղագրութիւնը: Ահա թէ ինչու, նոյնիսկ այն ժամանակ (12-րդ դարում), երբ գրաբարը դուրս էր եկել գործածութիւնից եւ գերիշխում էր միջին հայերէնը, մատենագիրներն ու գրիչները համարելով, որ գրահամակարգը կարիք չունի փոփոխութեան, պահպանեցին այբուբենն ու ուղղագրութիւնը: Այդ գրահամակարգը պէտք է պահպանել, որովհետեւ անթերի ծառայել է թէ՛ գրաբարին, թէ՛ միջին հայերէնին, եւ թէ աշխարհաբարի արեւելահայ եւ արեւմտահայ գրական լեզուաճիւղերին:

Ե) Մաշտոցեան հիմքով հայերէնի աւանդական գրահամակարգը համարւում է հնդեւրոպական մեծ լեզուախմբի նախնական արմատների ու քերականական կառուցուածքի ամենահարազատ ձեւով պահպանուածը եւ դիտւում է որպէս համեմատական լեզուաբանութեան ուսումնասիրութեան հիմք եւ կարեւոր աղբիւր՝ իրանագիտութեան, ասորագիտութեան, յունագիտութեան ու կովկասագիտութեան համար: Հայերէնի այդ կարեւորութիւնը չի կարող պահպանել ներկայ խեղագրուած գրահամակարգը:

Զ) Մաշտոցեան գրահամակարգի միջազգային կարեւորութիւնը կայանում է նաեւ նրանում, որ անտիկ աշխարհի արժէքաւոր շատ սկզբնաղբիւրների յունարէն եւ լատիներէն կորած ձեռագրերի փոխարէն դրանց գիտական հետազօտութիւնները կատարւում են միայն շնորհիւ հայերէնի մաշտոցեան գրահամակարգով եղած թարգմանութիւնների:

Կարեւոր չէ, թէ դասական աւանդական ուղղագրութիւնը այսօր պահպանող սփիւռքը որքան կը գոյատեւի. եթէ անգամ մէկ մարդ էլ մնայ, պիտի գործածի աւանդական ուղղագրութիւնը: Իսկ եթէ նոյնիսկ Ասորիքի, Բաբելոնի, Փիւնիկների, Պարթեւների եւ դրացի միւս ազգերի նման Հայաստանը նոյնպէս, Աստուած մի արասցէ, անհետանայ պատմութեան ասպարէզից, ապագայ սերունդները հայոց գրաւոր արժէքային ժառանգութիւնը կարող են ուսումնասիրել միայն մաշտոցեան գրահամակարգով, որովհետեւ աբեղեանասեւակեան ուղղագրութեամբ հնարաւոր չէ մի նոր աճառեանական եւ մալխասեանական բառարանագրութիւն ստեղծել եւ հասնել հնդեւրոպական հայրենիքի նախալեզուին ու քաղաքակրթութեան հիմքերին:

Եզրակացնենք. մեր խնդիրը պիտի լինի ո՛չ թէ փոխել եղած աւանդական մաշտոցեան հիմքով գրահամակարգը, այլ պահպանել շուրջ երեք դար առաջ Մխիթարեան հայագէտների կողմից կանոնարկուած, ասորա-յունական, թաթար-մոնղոլական, արաբա-թուրքական նուճողների անհարկի, աւելորդ օտարաբանութիւններից մաքրուած մեր գրահամակարգը: Մենք այսօր ազգովին խնդիր ունենք շարունակել մեր լեզուի մաքրումը «զարգացած» միջազգային օտար եւ ռուսական չարդարացուած աւելորդաբանութիւններից, մերժելով տեղից ելնողի՝ ըստ կամս ուղղագրութիւն փոխելու եւ ապագայ հնարաւոր խեղաթիւրումներ կատարելու նկրտումները: Միաժամանակ համատեղ կերպով լծուենք մեր լեզուի մէջ գրաբարից յետոյ միջին հայերէնից ու աշխարհաբարից, նաեւ բարբառներից գրական լեզու մտած բառերի կանոնարկմանը, ապահովելու համար հայերէնի անխաթար շարունակականութիւնը՝ արմատներից չհեռանալու պայմանով:

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ

(«Մեսրոպեան Ուխտ»

լեզուապահպանական միութիւն)

ԱՄՆ, Ռոտ-Այլընտ 30 Յունուարի 2013

Հ. Գ. Փակագծերի մէջ առնուած թուանշանները՝ (1)-(8), տեքստին կցուող յաւելուածներն են, որոնք, ցաւօք, լրագրային յօդուածի սահմաններում հնարաւոր չէ ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. բանտարկյալների իրավունքների պաշտպան says:

    դասական ուղղագրութեամբ ՝ Րաֆֆի-ն պետք է գրել հետևյալ կերպ՝ Ռաբբի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031