Համոզված է երիտասարդ կոմպոզիտորը
Մարտի 24-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում կկայանա հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի Կոմիտասյան համերգաշարի 22-րդ համերգ-դասախոսությունը: Անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՌԴ Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան սիրով զրուցեց այդ մասին:
– Կոմիտասյան համերգ-դասախոսությունները, որոնց մուտքը բացառապես ազատ է, տեղի են ունենում Երեւանի եւ մեր հանրապետության մարզերի կրթամշակութային կենտրոններում: Ո՞րն է համերգաշարի նպատակը:
– Նպատակ ունենք լայն հանրությանը, հատկապես երեխաներին, երիտասարդներին խորապես սիրելի դարձնել Կոմիտասի ժառանգությունը, որն ամփոփում է հայ ժողովրդի հազարամյա երաժշտական արվեստը: Այս նախաձեռնությունը փոքրիկ ներդրում է՝ ի հակակշիռ այսօր եթերը զավթած, ասեմ շա՜տ մեղմ, ոչ բարձրակարգ երաժշտության, որը սողոսկում է մարդկանց հոգիները եւ դրանք վեհացնելու փոխարեն ծառայում հակառակին: Եթերում անարգել «թեւածող» «երաժշտության», դրա կործանարար ազդեցության մասին բազմիցս խոսվել է: Ըստ իս՝ ստեղծված իրավիճակի ամենալավ բնութագիրը չարենցյան տողերն են. «Հիմի շատ են երգիչները – հոգու ուզած տաղը չկա, /Ամենայն տեղ խնդություն է՝ սրտի ուզած խաղը չկա…»: Մեկ անգամ եւս չանդրադառնալով խնդրի ցավոտ հետեւանքներին՝ նշեմ, թե «Կանթեղն» ինչպես է շարունակելու իր գործունեությունը հայ դասական երաժշտությունը ՀՀ ողջ տարածքով սփռելու համար: Մտադիր ենք նոր թափ հաղորդել համերգաշարին՝ ընդգրկել բոլոր մարզերը, բուհերը, որտեղ ելույթ չենք ունեցել, լինել զորամասերում, դպրոցներում… Ցայսօր կոմիտասյան համերգ-դասախոսություններով հանդես ենք եկել Կամերային երաժշտության տանը, Հայաստանի Ազգային պատկերասրահում, ԵՊՀ-ում, Գեւորգյան ճեմարանում, Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում…Երազանք ունեմ. ցանկանում եմ՝ սկսվի մի ընթացք, որը կվերածվի հայ դասական երաժշտության համահայաստանյան յուրատեսակ շարժման՝ նպաստելով, որ կոմիտասյան, ընդհանրապես հայ դասական երաժշտությունը մտնի յուրաքանչյուր հայի սիրտ… Ըստ իս՝ այն հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է սկսել կրթական օջախներից, որոնց սաներն ուսումնական ծրագրերի միջոցով ամեն օր կառնչվեն դասական, ինչպեսեւ հայ դասական երաժշտության հետ, կհղկվեն, կազնվանան՝ հետագայում իրենք էլ նպաստելով դրա տարածմանը: Հույս ունեմ, որ այդ ընթացքի մեջ իր փոքր լուման կունենա «Կանթեղն» իր Կոմիտասյան համերգ-դասախոսություններով…
Կարդացեք նաև
– Բավական համարձակ երազանք է:
– Այլ երազանքներ էլ ունեմ… Լսել եմ, երբ երազանքներիդ մասին բարձրաձայնում ես՝ իրականանում են. չէ՞ որ միտքը նյութական է: Հաջորդ երազանք-ցանկությունս միտված է զարգացնելու, ապահովելու Կոմիտասից եկող հայ կոմպոզիտորական ավանդույթների անխափան շարունակականությունը եւ վերաբերում է կոմպոզիտորներին, առանց որոնց, փոքրի՜կ հիշեցում, երաժշտություն չի՛ ստեղծվում: Հասուն հասակում ցանկություն ունեմ հիմնել մի կենտրոն, որը կծառայի դասական ժանրում ստեղծագործող պրոֆեսիոնալ երիտասարդ հայ կոմպոզիտորներին, ապահովված կլինի անհրաժեշտ պայմաններով՝ կունենա համերգային դահլիճ, ձայնագրման ստուդիա, ինչպեսեւ նվագախումբ, երգչախումբ, բարձրակարգ մենակատարների մի փունջ, որոնք կոչված կլինեն հետեւողականորեն կատարել երիտասարդների երկերը: Այսօր Հայաստանում գործող երիտասարդ կոմպոզիտորների՝ հատկապես խոշոր կտավի երկերը քիչ են հնչում, հասարակությունը չի կարողանում պատկերացում կազմել նրանց մղումների եւ երաժշտության մասին: Կուզենայի նշել՝ նկարիչը, գրողը… կարող են իրենց ստեղծագործության վերջնական արդյունքը տեսնել կտավի, թղթի վրա՝ կողմնակի հայացքով գնահատելով դրա առավելություններն ու թերությունները, հետեւաբարեւ՝ զարգանալ: Հասկանալի է, երբ երիտասարդ կոմպոզիտորը չի լսում սեփական երկերի կատարումները, գրեթե անկարող է զարգանալ, կայանալ որպես հասուն պրոֆեսիոնալ: Որպեսզի մեր կոմպոզիտորական հրաշալի դպրոցն ունենա արժանի ժառանգորդներ, կարծում եմ՝ անհրաժեշտ է իրական ուշադրության արժանացնել երիտասարդ կոմպոզիտորներին:
– Ներկայացրեք «Կանթեղի» եւ Ձեր առաջիկա անելիքները:
– Առաջիկայում նախատեսում ենք 3 կոմիտասյան համերգ-դասախոսություն 3 մարզում: Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում 2012թ. ստեղծագործական համերգով ներկայացրեցի իմ վոկալ-գործիքային երկերը. ռոմանսներ՝ գրված Հ. Թումանյանի, Ե. Չարենցի (որի պոեզիան իմ վոկալ ստեղծագործությունների առանցքն է) տեքստերով, հատվածներ օպերայից, երաժշտական լուսաբանումներ՝ ըստ Ա. Բիտովի «Զատկին» նվիրված բանաստեղծական շարքի: Եթե խանգարիչ հանգամանքներ չլինեն՝ այս տարի կներկայացնեմ եւս մեկ ստեղծագործական համերգ Երեւանում, միգուցեեւ՝ Միլանում:
ԱՆՆԱ ՂԱԶԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ