«Երիտասարդներ հանուն ապագաի» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր «Առաջնորդության օր» ծրագիրը: Այն ուղղված էր երիտասարդների մեջ առաջնորդական ունակությունների բացահայտմանն ու դրանց զարգացմանը:
«Այսօր մի քանի դասընթաց են ստանալու մասնակիցները, որոնցից մեկի ընթացքում առաջնորդության ոճերն են ուսումնասիրելու եւ հատուկ թեստի միջոցով փորձելու են բացահայտել առաջնորդ լինելու իրենց սեփական ոճը»,- ասում է «Երիտասարդներ հանուն ապագաի» հասարակական կազմակերպության քարտուղար, ծրագրի պատասխանատու Տաթեւիկ Վարդազարյանը: Ըստ նրա` երիտասարդները հետաքրքրված են ծրագրով, բացի դրանից` ակտիվ են, նպատակասլաց ու ձգտող:
Գոհար Շալջյանը սովորում է Հայ-ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսում: Իր խոսքով` ոչ մի անգամ չի մասնակցել առաջնորդության թեմային վերաբերող ծրագրի: Հուսով է, որ մասնակցելով այս ծրագրին, ավելի շատ գիտելիք կստանա առաջնորդության վերաբերյալ:
«Որպես առաջնորդ ես պատկերացնում եմ մարդուն, ով ամբոխի մեջ մի բանով առանձնանում է եւ կարողանում է մնացածին առաջ տանել»,- ասում է Գոհարը:
Կարծում է` հայ երիտասարդներից շատ-շատերն են ձգտում առաջնորդ լինել, սակայն, ըստ նրա, ոչ բոլորի մոտ է դա ստացվում, բայց այն, որ ձգտում կա` շատ բան կտա նրանց:
Արամ Արարատյան