Մայրաքաղաքում հայտարարաված քաղաքային շաբաթօրյակի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմին այսօր վաղ առավոտից միացել են «Երևաննախագիծ» ինստիտուտը և այս օրերին ԵՃՇՊՀ-ի հետ համագործակցային ծրագրերի շրջանակում Երևանում գտնվող 40 ֆրանսիացի ճարտարապետ ուսանողներ` Սեն Էթիենի բարձրագույն ճարտարապետական դպրոցից:
Մինչ շաբաթօրյակի մեկնարկը` Ֆրանսիացի ուսանողները ծանոթացել են Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությանը և «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» համատեղ իրականացված հայ-ֆրանսիական ժամանակավոր ցուցահանդեսին: Այնուհետև բարձրանալով Էրեբունի ամրոցի միջնաբերդ, նրանք շրջել են in situ պահպանվող հնավայրում և օգնել են հավաքել վաղ առավոտից քամու պատճառով հնավայրում հայտնված աղբի մնացորդները:
Արդեն 2-րդ տարին Արին բերդ բլրի լանջերին մաքրություն իրականացնող «Երևաննախագիծ» ինստիտուտի աշխատակիցները նշել են, որ Երևանի և, մասնավորապես, Էրեբունի համայնքի բնակիչները պետք է գիտակցեն Էրեբունի ամրոցի պատմական նշանակությունը և կարևորությունը մայրաքաղաքի դիմագծում: Իրենց մասնակցությամբ նրանք կոչ են արել մայրաքաղաքի բնակիչներին հուշարձանային տարածքները զերծ պահել կենցաղային աղբաթափությունից:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան