Երիտասարդ խորդրդարանականները` կատարված աշխատանքների եւ նոր համագործակցության մասին
«Արդեն երկու տարի գործող Երիտասարդական խորհրդարանը, որը նպատակ ունի երիտասարդներին ծանոթացնել օրենսդիր աշխատանքին, բացարձակապես օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու առաքելություն ունի», -այսօր «Ելակետ» ակումբում ասաց Երիտասարդական խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կառլեն Խաչատրյանը, ապա հավելեց, որ Երիտասարդական խորհրդարանի հիմնական աշխատանքը կազմակերպվում է հանձնաժողովներում, իսկ վերջնական նախաձեռնությունները մտնում են Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ եւ քննարկվում ԱԺ-ում:
Երիտասարդ խորհրդարանական Տաթև Խանաղյանը տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած լիագումար նիստում դրական եզրակացություն է ստացել չորս հարց, այդ թվում` եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկը. «Համաձայն դրա` սիրիահայերին որոշ արտոնություններ կտրվեն»: Երիտասարդ խորհրդարանական Ազատուհի Սիմոնյանն էլ ասաց, որ եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկը ԲՀԿ-ինն է. «Առաջարկվում է սիրիահայերի եկամտահարկից պակասեցնել հիսուն տոկոս, որպեսզի շահույթ ունենան»:
Խանաղյանը նաեւ նշեց, որ Երիտասարդական խորհրդարանի օրակարգում ընդգրկված են երիտասարդներին հուզող հարցերը. «Իսկ արտախորհրդարանականները, ովքեր որոշ հարցում ցանկանում են փոփոխություններ մտցնել, պետք է ակտիվ լինեն եւ հանդես գան նախաձեռնություններով»:
Կարդացեք նաև
Կառլեն Խաչատրյանի փոխանցմամբ` հունվարի քսանհինգին կառավարության ընդունած որոշման ձամաձայն` Երիտասարդ խորհրդարանի կազմում լիարժեք ձայնի իրավունք ունի նաեւ ԼՂՀ-ի երիտասարդ ներկայացուցիչը` Ավետիք Հարությունյանը, ով մասնակցել է Երիտխորհրդարանի երեկվա նիստին: Հարությունյանն ասաց, որ Երիտխորհրդարանում ԼՂՀ-ի ներկայցուցչի ներկայությունը տրամաբանական է, քանի որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի երիտասարդությանը հուզող հարցերը հիմնականում նույնաբովանդակ են. «Խնդիրները համատեղ ուժերով լուծելը հուսադրող է: Սկզբնական շրջանում կծանոթանանք Երիտխորհրդարանի գործունեությանը եւ կփորձենք համագործակցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ եւ ներկայացնել խնդիրները Երիտխորհրդարանում»:
Կառլեն Խաչատրյանը հավաստիացրեց, որ Երիտխորհրդարանում մեկը մյուսի փոխարեն չի քվեարկում եւ փաստեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ում նման դեպքերը նվազել են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ