Այսօր` մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը:
Մագդեբուրգում կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` 76 կգ:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով սկսվելու է մարտի 24-ի գիշերը` ժամը 1.30):
Արթուր Աբրահամի մամլո ծառայություն