Պետական եկամուտների կոմիտեն այս տարի ևս պետբյուջեի հարկային մուտքերը փորձում է ապահովել կանխավճարների հաշվին։ Հունվարին ՊԵԿ-ը հավաքագրել է 3,64 մլրդ-ի եկամտային հարկ։ Կանխավճարների պրակտիկայից չհրաժարվելու պատճառն այն է, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրված առաջին եռամսյակում պետբյուջե լրացուցիչ Դ41,86 մլրդ-ի մուտքեր ապահովել։
«Եկամտային հարկի մասին» օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ Ըստ օրենքի՝ հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Պարզ ասած՝ հունվարի եկամուտների համար հաշվարկված հարկը պետք է վճարվեր մինչև փետրվարի 20-ը։ Ոչ այնքան հասկանալի պատճառներով հարկային գործակալների (գործատուները) մի մասը եկամտային հարկերը վճարել է հունվարին։ Սա այն դեպքում, երբ գործատուները պարտավոր էին մինչև հունվարի 20-ը վճարել նաև անցած տարվա դեկտեմբերի պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ու եկամտահարկը։
Հասկանալի է, որ սեփական նախաձեռնությամբ գործատուները դժվար թե կանխավճարներ կատարեին, քանի որ ամսական կտրվածքով կտրուկ ավելանում է հարկային բեռը։ Եթե հաշվի առնենք, որ հունվարն այդքան էլ ակտիվ ամիս չէ, ապա կանխավճարները, ըստ էության, կատարվել են շրջանառու միջոցների կրճատման հաշվին։
Որ հունվարին եկամտային հարկի գծով եղել են կանխավճարներ, պարզ երևում է ՊԵԿ-ի կողմից հրապարակված «2013թ. հունվարին ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ աղյուսակը և գրաֆիկական պատկերները» աղյուսակից։
Կարդացեք նաև
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «Եկամտահարկի մասին» օրենքներն ուժը կորցրել են հունվարի 1-ից, սակայն հունվարին այդ հարկատեսակների գծով մուտքեր են եղել. պարտադիր սոցվճարների գծով՝ Դ8,3 մլրդ-ի, եկամտահարկի գծով՝ Դ5,58 մլրդ-ի։ Օրենսդրությունն այնպիսին է, որ անցած տարվա դեկտեմբերի պարտադիր սոցվճարներն ու եկամտահարկը ենթակա են վճարման մինչև հունվարի 20-ը։
2012թ. հունվարին այս երկու հարկատեսակի գծով մուտքերը կազմել են Դ15,34 մլրդ, այս տարվա հունվարին՝ Դ13,88 մլրդ։ Հասկանալի է, որ անցած տարվա հունվարին նույնպես եղել են կանխավճարներ։ Այլ հավասար պայմաններում անցած տարի կանխավճարների չափը կարող էր կազմել Դ1,46 մլրդ, այն դեպքում, երբ այս հունվարին այն եղել է Դ3,64 մլրդ (հունվարին վճարված եկամտային հարկի ծավալը)։
Եկամտային հարկի գծով կանխավճարների հավաքագրումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրվել այս տարի պետբյուջե հավաքագրվելիք լրացուցիչ Դ118 մլրդ-ից Դ70,7 մլրդ-ի մուտքերն ապահովել առաջին կիսամյակում, ընդ որում՝ Դ41,86 մլրդ-ը՝ առաջին երեք ամիսներին։ Հասկանալի է, որ նման ցուցանիշների ապահովումը հատկապես առաջին եռամսյակում զգալի մի մասով կատարվելու էր կանխավճարների հաշվին։ 2012թ. լրացուցիչ Դ101 մլրդ-ի 50%-ը հավաքագրել է չորրորդ եռամսյակում՝ կրկին կանխավճարների և գերավճարների հաշվին։
Արմենակ Չատինյան
CIVILNET