ՀԱԿ հիմնադիր համագումարը մի քանի անգամ հետաձգվեց. սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում, հետո տեղեկություններ տարածվեցին, որ այն կարող է տեղի ունենալ մարտի 29-ին, իսկ դրանից հետո նշանակվեց համագումարի նոր ամսաթիվ` ապրիլի 13-ը: Բայց այս դեպքում, որպես համագումարի անցկացման վայր, նշվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Ընդ որում, ոչ մի անգամ պաշտոնական որևէ բանական բացատրություն չի տրվել, թե ինչու է համագումարը հետաձգվում:
Տեսակետ կար, որ հետաձգման պատճառը Երևանի խորհրդի ընտրություններն են. ՀԱԿ-ում ցանկանում են համագումարն անել Երևանի խորհրդի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից հետո, որպեսզի համագումարի դահլիճը ներկայացնեն քարոզչական հոլովակներում, ցույց տալու համար, թե կողմնակիցների ինչպիսի հոծ բանակ ունի նորաստեղծ կուսակցությունը: Սա, իհարկե, մոտ է իրականությանը, և հնարավոր է, որ համագումարի հետաձգումը և անցկացումը կատարվում է քարոզարշավի համար: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանդրադառնա Երևանի խորհրդի ընտրություններին և դրա կադրերը կտեղադրվեն քարոզչական հոլովակներում:
Բայց դա համագումարի հետաձգման պատճառներից միայն մեկն է: Պարզվում է, որ կան նաև այլ պատճառներ: Նախ` ՀԱԿ-ի առաջին համագումարը որոշել են Կառավարության նիստերի դահլիճից տեղափոխել Մարզահամերգային համալիր` ցույց տալու համար, որ ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի միավորման արդյունքում նորաստեղծ կուսակցության կողմնակիցների քանակը կրկնապատկվել, եռապատկվել է: Եթե համագումարը տեղի ունենար կառավարության նիստերի դահլիճում, բոլորի մոտ հարց էր առաջանալու, թե ում էր պետք այդ միավորումը, առանց դրա էլ` ՀՀՇ-ն կարողանում էր այդ դահլիճը լցնել: Իսկ եթե ՀԱԿ-ին հաջողվի լցնել Մարզահամերգային համալիրի դահլիճը, ապա դրանով ի ցույց կդրվի նոր միավորման ուժը:
Կարդացեք նաև
ՀՀՇ նախկին տարածքային կառույցներին խիստ հրահանգ է իջեցվել կուսակցությունում անդամագրումներ սկսել, որպեսզի նոր անդամները մասնակցեն համագումարին և դահլիճ լցնեն: Ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ում հասկացել են, որ մինչև մարտի 22-ն այդ խնդիրը լուծված չի լինի, և լրացուցիչ ժամանակ է պետք եղել, որպեսզի տարածքային կառույցները կարողանան հասնել պլանային թվին: Մի քանի տարածքային կառույցի ղեկավարներ բողոքել են, որ իրենք չեն կարողանում նոր անդամներ ընդգրկել կուսակցության շարքերը, դա պատճառաբանելով տեղական իշխանությունների կողմից իբրև թե գործադրվող ճնշումներով: Նրանք ասում են նաև, որ ՀԱԿ համակիրների բանակը բավական բազմամարդ է, սակայն նրանք չեն ուզում ինքնաբացահայտվել` իրենց հարվածի տակ չդնելու համար:
Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ նույնիսկ հավելյալ ժամանակը չբավարարի այդ խնդիրը լուծելու համար, քանի որ նորագիրների մուտքը ՀԱԿ խիստ սահմանափակ է: Իսկ ամեն հարցով ԲՀԿ-ի աջակցությանը դիմելը այնքան էլ չի տեղավորվում բարեկրթության և դաստաիրակվածության սահմաններում:
Հնարավոր է, որ կա համագումարը հետաձգելու մեկ այլ պատճառ ևս: Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ում այդպես էլ չեն կողմնորոշվում ՍԴՀԿ-ի հարցում: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ում չգիտեն ՍԴՀԿ-ն կմտնի՞ ՀԱԿ-ի մեջ, թե ոչ: Այն ՍԴՀԿ-ն, որը մտնում էր ՀԱԿ դաշինքի մեջ, իրավաբանորեն գոյություն չունի, քանի որ պետռեգիստրում գրանցված ՍԴՀԿ-ի ատենապետը Գևորգ Պերկուպեկյանն է: ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետռեգիստրի, վիճարկելով նրա կողմից տրված պետական գրանցման օրինականությունը: Ենթադրվում էր, որ այդ հարցով դատական վերջին նիստը պետք է տեղի ունենար մարտի 14-ին:
Եթե դատարանը մերժեր Լյուդմիլա Սարգսյանի հայցը, ապա նա կդադարեր լինել կուսակցության ղեկավար, կկորցներ դե յուրե ՍԴՀԿ-ն հետ բերելու որևէ հնարավորություն, և մնալով սոսկ անհատ` ստիպված կլիներ դառնալ ՀԱԿ անդամ: Բայց մարտի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 2-ը, ինչը նշանակում է, որ մինչև ապրիլի 2-ը Լյուդմիլա Սարգսյանը հույս ունի, որ դատարանն անվավեր կճանաչի պետռեգիստրի գրանցումը, ինչը կնշանակի, որ նա ՍԴՀԿ ատենապետն է:
Իսկ պահանջել, որ գրեթե 130-ամյա պատմություն ունեցող կուսակցությունը ինքնալուծարվի և միանա նորաստեղծ կուսակցությանը, այնքան էլ արդարացի չի լինի:
Հնարավոր է, որ Լյուդմիլա Սարգսյանն այն հեղինակությունը չէ, որ հանուն նրա կարգավիճակի հստակեցման` ՀԱԿ-ը հետաձգեր իր համագումարի անցկացումը:
Սակայն հարցը ոչ այնքան Լյուդմիլա Սարգսյանի անձի կարևորությունն է ու ՍԴՀԿ-ի ճակատագիրը, որքան Սարգսյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատ ունենալու հանգամանքը: ՀԱԿ խմբակցությունն ունի 7 անդամ: Նրանցից երեքը` Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, արդեն անդամագրվել են ՀԱԿ կուսակցությանը: Իսկ երեքը` Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և Ստեփան Դեմիրճյանը, ոչ մի կերպ չեն կարող անդամակցել ՀԱԿ-ին: Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը նույնիսկ չեն էլ մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին:
Եթե Լյուդմիլա Սարգսյանը չի անդամակցում ՀԱԿ կուսակցությանը, ստացվում է, որ ՀԱԿ կուսակցությունը ՀԱԿ խմբակցությունում հայտնվում է փոքրամասնության մեջ, և ընդհակառակը, եթե Սարգսյանն անդամակցի ՀԱԿ կուսակցությանը, ապա 7 հոգանոց խմբակցությունում ՀԱԿ-ն ունենում է մեծամասնությունը:
Համագումարի հետաձգումը կարող է այս խնդիրը ևս չլուծել, քանի որ ապրիլի 2-ին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել է և ՍԴՀԿ կարգավիճակի հարցը կհետաձգվի ապրիլի 13-ից հետո:
Ինչպես տեսնում եք` ՀԱԿ համագումարի հետաձգումն իրականում կարող է ծառայել միայն մի նպատակի. Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը: Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ մարզերից եկած ՀԱԿ անդամները որևէ կապ չունեն Երևանի ընտրությունների հետ: Այլ խնդիր է, եթե ՀԱԿ-ը համարձակություն ունենա հրապարակային միջոցառում կազմակերպել:
ՀԱԿ-ում սպասում են «Ժառանգության» տապալմանը` հույս ունենալով որ հրապարակը կողջունի իրենց վերադարձը: Սա կարող է տեղի ունենալ, եթե հրապարակում ինչ-որ մեկը մնացած լինի:
ՄԻՔԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
«168 ԺԱՄ»
Հարգելի հոդվածագիր, մի ժամ բացատրում եք, որ սպասում են Լյուդմիլա Սարգսյանը կմտնի, թե չի մտնի, մեծամասնություն կկազմի, թե չի կազմի, ու էնպիսի տպավորություն է, որ հոդվածը գրելու պահին մեկ էլ հոպ, զանգ ընկերոջից, ապեր, դատական նիստը հետաձգել են և դուք ալարել եք նոր փաստերը հաշվի առնելով՝ ուղղեք ձեր հոդվածի մեծ մասը զբաղեցնող անհեթեթությունը: Մի քիչ պրոֆեսիոնալ եղեք:
Հարգելի Վարդան, ճիշտ կլիներ, եթե Ձեր դիտարկումները հայտնեիք բուն հասցեատիրոջը: Սույն հրապարակումը մեր կայքում տեղ է գտել որպես մամուլի տեսության մի բաղկացուցիչ: