Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ի հանրահավաքի ընթացքում առաջարկություններ է արել Սերժ Սարգսյանին, որոնք, ըստ էության, նույն առաջարկներն էին, որ նրա իսկ հայտարարությամբ արվել էին Սարգսյանի հետ առաջին հանդիպման ընթացքում: Առաջին հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը մերժել էր այդ հայտարարությունները և ամենայն հավանականությամբ, կամ միգուցե միանգամայն վստահ կերպով կարելի է պնդել, որ մերժելու է նաև այս անգամ:
Սա կնշանակի, այսպես ասած, հնարավոր երկխոսության ավարտ, ինչը ենթադրում է, որ կամ Րաֆֆի Հովհաննիսյանը շարժումը կտանի աստիճանաբար մարելու ճանապարհով՝ շարունակելով խուսափել բախումից, կամ ավելի արմատական կդարձնի իր գործողությունները, ինչը կմեծացնի բախման հավանականությունը: Թե որ ընթացքով կզարգանան իրադարձությունները` ցույց կտա ժամանակը, սակայն մի հետաքրքրական հանգամանք կա, որ արժե արձանագրել: Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, արտոնել է, այսինքն` ի գիտություն է ընդունել ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակում, այսպես ասած, այլընտրանքային երդման նպատակով հանրահավաքի անցկացման մասին հայտը, որ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը, և որը կապված է Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ հռչակելու որոշման հետ:
Սա հետաքրքիր քայլ է, քանի որ իշխանությունները, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանին են տալիս Հանրապետության հրապարակը, որը Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հրապարակն է` այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը նույն օրը զբաղեցնելու է մարզահամերգային համալիրը՝ իր երդման համար: Մի կողմից սա իշխանությունների արած ժեստն է Րաֆֆիին, մյուս կողմից` չի բացառվում, որ պարզապես նրա համար ծուղակ են պատրաստում, որը կարող է ավարտվել սադրանքով: Թեև, իհարկե, քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանը իր երդման արարողության օրը գնա նման բախումների:
Բոլոր դեպքերում, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե զգուշանալու պատճառներ տեսնում է, եթե հայտարարում է, որ դեռ կորոշեն` որտեղ անցկացնել ապրիլի 9-ի այլընտրանքային երդման արարողությունը: Բայց ինքնին փաստը, որ իշխանությունները չեն փորձել Հանրապետության հրապարակը զերծ պահել ներքաղաքական թատերաբեմի վայր դառնալու հեռանկարից` հետաքրքրական է: Սակայն այստեղ կա, իհարկե, մեկ այլ խնդիր էլ:
Հանրապետության հրապարակը անհամեմատ ավելի մեծ է Ազատության հրապարակից, և միգուցե իշխանություններն ակնկալում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ամեն կերպ կխոչընդոտեն այդ օրը լցնել Հանրապետության հրապարակը, և սակավամարդությունը հրապարակում շատ ավելի արտահայտիչ կլինի, քան Ազատության հրապարակի պարագայում: Այսինքն` այս տեսանկյունից էլ Րաֆֆի Հովհաննիսյանի համար մարտահրավեր է ծավալներով անհամեմատ ավելի մեծ հրապարակը մարդկանց բազմությամբ ապահովելը, առավել ևս, որ Հովհաննիսյանը կարծես թե ընդունեց Սերժ Սարգսյանի քանակական մարտահրավերը և մտավ մրցակցության մեջ` հայտարարելով, որ եթե չափում ես մարդկանց քանակով, ապա կլինի քանակ: Իսկ շատ քանակն էլ, այս տեսանկյունից, ենթադրում է առավել անկառավարելի վիճակի վտանգ:
Կարդացեք նաև
Բոլոր դեպքերում, կարծես թե առնվազն ապրիլի 9-ին ընդառաջ ստեղծվում է մի վիճակ, երբ օդում կա լարվածություն կամ ինտրիգ, թե ինչ է լինելու, և դրանով որոշակիորեն ստվերվում է Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված թոհուբոհը, որ փորձում են առաջացնել այլ կուսակցություններ և շեղել ուշադրությունը իրենց վրա: Առնվազն մինչև ապրիլի 9-ը կարծես թե այդ շեղումը գործնականում չի ստացվելու, այսինքն` հրապարակից շեղում չի լինելու:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»