Շուրջ երեք օր Հռոմի օդանավակայանում պատանդ մնացած Հայաստանի 13 քաղաքացիներն այսօր գիշերը «Alitalia» ավիաընկերության չվերթով կվերադառնան Հայաստան: Այսօր այս մասին Aravot.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի. «Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի
օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժօգնության եւ կապի միջոցների հետ որեւիցե խնդիր չունեն։
Հանդիպում է կայացել նաեւ օդանավակայանի ոստիկանապետի հետ, որը
վերահաստատել է, որ արգելափակման պատճառ են հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները եւ վստահեցրել է, որ մինչեւ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հարգելի Լուսինե, այս պատմությունը Առավոտի կողմից շատ է լուսաբանվում, իսկ նախորդ հոդվածը, հիշում եմ, մանրամասն ներկայացրել էր հայերի և իտալացի սահմանապահների միջև բախումները և բավական սուր տոն ուներ:
Իտալիան քաղաքակիրթ երկիր է, քանի անգամ եղել եմ Հռոմի օդանավակայանում և խնդիր չեմ ունեցել:
Ինձ համար պարզ չդարձավ “քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտություններ” ասելով ինչ ի նկատի ունեք: Սա կարևոր է հասկանալու համար, թե ով էր մեղավոր:
Խնդրում եմ մանրամասնեք:
Հարգելի Քրիստինե առայժմ ո’չ հայկական կողմը ոչ էլ Իտալիայի իշխանությունները հստակ որեւէ բան չեն պարզաբանում: ՀՀ Արտգործնախարարությունը միայն ասում է, որ պտճառն էմիգրացիոն խնդիրներն են, բայց, թե կոնկրետ ինչ, ոչինչ չի ասվում: Իտալիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների եւ Իտալիայի էմիգրացիոն ծառայությունների զրույցից մեր երկրի դեսպանատան աշխատակիցներին հայտնի է դարձել, որ Հռոմի օդանավակայանում երեք օր մնացաց ՀՀ քաղաքացիները կեղծ փաստաթղթերով են մեկնել Իտալիա, մասնավորապես` նրանք չեն ունեցել հյուրանոցների ամրագրումներ, սակայն ինչ-որ հյուրանոցների թղթեր են ցույց տվել: Ճշտումներ անելուց հետո բացահայտվել է, դա եւ այդ մարդկանց մուտքը շենգեն գոտի արգելվել է` նրանք պոտենցիալ միգրանտներ են դիտվել այդ երկրի իշխանությունների համար: