Մարտի 22-ին ոստիկանության Իջեւանի բաժնի դահլիճում կայացավ քննարկում, որին ոստիկանության աշխատակիցներից զատ մասնակցում էին մարզի համայնքների եւ հանրակրթական դպրոցների ղեկավարներ:
Քննարկումը վարող ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Օհանյանը այլ խնդիրներից զատ անդրադարձավ Իջեւանի ավագ դպրոցի հետ կապված հարցին: Իջեւանցի տղաները գալիս են ավագ դպրոցի մոտ՝ դպրոցի աշակերտուհիներին հանդիպելու համար: Նրանք այդ պատճառով վեճի են բռնվում դպրոցի ուսուցիչների եւ տնօրենի հետ: Արմեն Օհանյանն ասաց, որ նմանատիպ խնդիրներ կարող են ծագել նաեւ մարզի մյուս դպրոցներում:
Իջեւանի ավագ դպրոցի ղեկավարները ներկա չէին հանդիպմանը: Ասվածին արձագանքեց Իջեւանի թիվ 5 դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը, ասելով. «18 տարեկան տղան, որ արդեն պիտի բանակ գնա,նստած է 18 տարեկան աղջկա կողքին, ճիշտ չէ: Շատ 18 տարեկան աղջիկներ ամուսնացած են, դե այդպես էլ պիտի լինի…»:
Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալն ասաց, որ դա իրենց իրավասության խնդիր չէ, իսկ ոստիկանությունը կատարելու է օրինականության պահպանման իր գործը:
Կարդացեք նաև
Հավելենք,որ Իջեւանի ավագ դպրոցը գտնվում է հենց փողոցի եզրին, դպրոցի տարածքը ցանկապատված չէ, դրսից եկողների մուտքը փաստորեն ազատ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ