Կանադահայ գրող և քննադատ Քեյթ Գարեբյանը խոսակցությունների առիթ էր դարձել, երբ հրատարակել էր իր «Արարատի երեխաները» գիրքը, որը բանաստեղծությունների ժողովածու էր, որոնք նա գրել էր ցեղասպանությունից փրկված իր հորից ոգեշնչված: Գրում է «Միսիսաուգա» պարբերականը:
Գարեբյանն ասել էր, որ նա պարտավորված էր այդ գիրքը գրել, որպեսզի ցույց տա, թե ինչ հեշտ կարող է մարդը դառնալ հրեշ:
Գարեբյանն իր նոր «Լուսինը վայրի խոտերի վրա» բանաստեղծությունների գրքի համար շրջվել է գեղեցիկի կողմը: Առաջին անգամ Գարեբյանը հրատարակում է հայկուի ժողովածու: Հայկուն երեք տողանի, 17 վանկանի ճապոնական կարճ բանաստեղծության տեսակ է:
Թեպետ իր հայկուների մեծ մասը բնության մասին են, Գարեբյանը նաև անդրադառնում է կյանքի փորձին:
«Ինձ հետաքրքրում է արտահայտվելու ինքնաբերությունը, ինչպես նաև ճշգրտությունն ու հակիրճությունը», – ասում է Գարեբյանը, – «Հայկուն արագ է ինձ համար: Այն կարճ բանաստեղծություն է, որը շատ արագ է լինում, կարծում եմ դա հենց այն է, ինչ պետք է իրենից ներկայացնի հայկուն, դա այն է, ինչ քեզ գրավում է տվյալ պահին»:
Գրքի վերնագիրը ընտրված է ժողովածուի հայկուներից մեկի վերնագրից, քանի որ այն պատկերում է գույնզգույն տեսարաններ, ինչպիսին Գարեբյանն ուզում էր, որ լիներ գրքի կազմի վրա:
Գարեբյանի գրքի շնորհանդեսը տեղի կունենա Ապրիլի 21-ին, Տորոնտոյում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ