Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ «Երգում են 1-ին կուրսեցիները» խորագրով մրցույթ-համերգի եզրափակիչ փուլը, որի ժամանակ Բրյուսովի 1-ին կուրսեցիներից 5 հոգի պայքարեցին լավագույնը լինելու համար:
ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը շնորհավորեց մասնակիցներին` ասելով. «Այսօր խոսքս շատ կարճ է լինելու: Թող որ Բրյուսովի համալսարանի պատերի ներքո միայն երգ ու ծիծաղ հնչի»:
Կարդացեք նաև
Մասնակիցները` Օֆելյա Սահակյանը, Տաթևիկ Մղդեսյանը, Հայկանուշ Սաժումյանը, Ֆլորա Բաբաջանյանը, Տաթևիկ Հակոբյանը, հանդես եկան իրենց անհատական կատարումներով և զուգերգերով հայ էստրադայի երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ` Սրբուհի Սարգսյան, Արծրուն Խանգելդյան, Արթուր Ալեք, Մարի, Մարիաննա Հովհաննիսյան:
Aravot.am-ի հետ զրույցում X Factor-ի մասնակից Սրբուհի Սարգսյանն ասաց. «Իրենք, չլինելով երգչուհիներ, շատ լավ էին կատարում և ես զարմացել էի: Ինձ դուր եկավ իրենց հետ աշխատել: Հուսով եմ էլի միասին կաշխատենք»:
X Factor-ի մասնակից Արծրուն Խանգելդյանն էլ, ով երկու մասնակիցների հետ զուգերգով հանդես եկավ, նշեց. «Իրականում դժվարություններ չեն եղել, իրենք բավականին տաղանդավոր էին: Եղել են փոքրիկ բաներ, որի վրա աշխատել ենք լավ ներկայանալու համար: Իմ դեպքում տարբերությունը շատ մեծ էր, քանի որ մի դեպքում կլասիկ վոկալ էր պետք, մյուս դեպքում էստրադային: Ես աշխատեցի այնպես անել, որ կլասիկ ոճում լինեմ կլասիկ, իսկ էստրադայինում էստրադային: Ինձ հետ հանդես եկող երկու մասնակիցներն էլ շատ լավն էին»:
Իսկ X Factor-ի մասնակից Արթուր-Ալեքն էլ հավելեց. «Բրյուսովը ամենաերաժշտական բուհերից մեկն է: Դա փաստ է, և նրանք շարունակում են դա ապացուցել տարիներ շարունակ»:
Ժյուրիի քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվեց Հայկանուշ Սաժումյանը, ով հնարավորություն ստացավ մեկ երգ ձայնագրելու:
Ժյուրիի կազմում էին Անդրեն, Գոհար Գասպարյանը, Գարիկ Պապոյանը, Հասմիկ Ափյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը: Մրցույթ -համերգի կազմակերպիչներն էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Արմինե Համբարձումյան