Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում արձանագրված միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ. պարզվել են մի շարք մանրամասներ

Մարտ 22,2013 19:15

2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք  գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։

ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի համաձայն՝ նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիեւ քաղաքացու տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց:

Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը եւ տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաեւ հանրությանը։

Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վ.Գալստյանը տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031