Նա դեմ է եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվի, վստահ է եղել, որ նրան կճնշեն:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ շնորհակալություն հայտնեց Արա Մանուկյանին, որը Լոս Անջելեսում այս օրերին դեսպանատան առջեւ հացադուլ է անում:
Նա զորակցություն հայտնեց Սուրեն Զոլյանին եւ Վարդան Օսկանյանին՝ ԱԱԾ-ի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվելու համար. «Այլեւս չպետք է քաղաքական հետապնդման ենթարկվի որեւէ գործիչ»:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ մեր ժողովուրդը նորից ապստամբ է, էլ հետ չի կանգնելու. «Նրանք, ովքեր գիտեն, որ ժողովրդից դուրս են, որովհետեւ հայտնվել են իշխանության պալատներում, դա քիչ է տեւելու»:
Նա հիշեցրեց, որ 88-ի փետրվարին 3 օր առաջ ունեին մեծ քանակով կաշառակեր դատավորներ, դատախազներ, շրջանների ղեկավարներ, նախարարներ. «Անցավ 10 օր, ժողովուրդը դուրս եկավ հրապարակ: Ոչ մի դատավոր այլեւս կաշառակեր, աշխատում էր ժողովրդի հավաքական միտքը: Ղարաբաղ կոմիտեն միայն քաղաքական համակարգի մի մասն էր: Մենք հիմա լսում ենք Տիգրան Սարգսյան, Հրանտ Բագրատյան, որ դարձել են մեր տնտեսության ղեկավարները, կարեւոր չի՝ ով ինչ սխալներ են արել: Այդ բոլոր մարդիկ զորակոչվել են»:
Ելույթ ունեցավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը: Նա շնորհավորեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով ժողովուրդը իր ձայնը լսելի դարձրեց. «Ես դեմ էի, որ նա առաջադրվեր, վստահ էի, որ նրան կճնշեն եւ քաղաքականորեն ինքնասպան կլիներ: Ես շատ ուրախ եմ, որ ես սխալ էի: Ձեր միջոցով ոչ միայն ցնցեցիք Հայաստանը, այլ ամբողջ Սփյուռքը, որ նոր հույս ստացավ, նոր հեռանկարներ սկսեցավ մտածել, թե ինչ կրնա ըլլալ այս երկրի բարգավաճման համար: Ես կուզեմ դուրս գալ այս վիճակեն, ոչ միայն, որ թեեւ առույգ կանգնած է, ես գիտեմ, թե որքան կտառապի, այլ, որովհետեւ մեր ազգը հանդատություն կուզի: Ես հույս ունեմ, որ երկխոսություն կլինի եւ ստիպված չենք լինի այստեղ գալ, կանգնել ոտքի վրա, այլ ավելի շինիչ գործունեությամբ զբաղվել»:
Նա հիշեց Վազգեն Վեհափառին. « 60-ականների Սովետական Հայաստանի օրոք առաջին հանրապետության հանդեպ կեցվածք կար, Վեհափառը եկավ եւ հայտնեց, որ 1915-ին հայ ժողովուրդը ցեղասպանություն ապրեցավ, ինչպես Հիսուս 3 օր հետո հարություն առավ, հայ ժողովուրդն էլ 1918-ին՝ 3 տարի անց: Իմ հույսն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի չարչարանքը իզուր չէ, եւ մենք անպայման պետք է ունենանք հարություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ