Այսօր Կապան քաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որին մասնակցում էին քաղաքի տարբեր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները, քոլեջների ուսանողները, դպրոցների աշակերտները, բնակիչները եւ այլն:
Շաբաթօրյակի կազմակերպման նախաձեռնությունը Կապանի քաղաքապետարանինն է, որն էլ համապատասխան պարագաներով ապահովել էր շաբաթօրյակի մասնակիցներին: Կապանի փողոցներն ու թաղամասերն այսօր սովորական օրերից ավելի աշխույժ ու մարդաշատ էր, առավոտվանից մեծ ու փոքր կապանցիները գործի էին անցել. փողոցները, շենքերի բակերը, մայթերը եւ մաքրության կարիք ունեցող տարածքները մաքրում էին կենցաղային ու շինարարական աղբից, չորացած տերեւներից ու ճյուղերից, իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները հավաքված աղբի տեղափոխման աշխատանքներն էին կազմակերպում:
Կապանի կոմունալ ծառայության տնօրեն Ռոբերտ Կոստանդյանի խոսքով` կեսօրին արդեն աշխատակիցները 6 մեքենա աղբ են տեղափոխել եւ դեռ կուտակված աղբի բավականին պաշար ունեն տեղափոխելու:
19-ամյա Արամն առաջին անգամ է իր կյանքի ընթացքում շաբաթօրյակի մասնակցում: Ասում է, որ մինչեւ այս իր ծնողներից է միայն լսել, թե ինչպես էին Խորհրդային Միության տարիներին մասնակցում կազմակերպվող շաբաթօրյակներին, եւ ինքն էլ ցանկություն հայտնեց առիթը բաց չթողնել ու անձամբ մասնակցություն ունենալ քաղաքի մաքրության աշխատանքներին: Բացի մաքրության աշխատանքներից, այսօր կապանցիները նաեւ մասնակցել են դեռեւս մի քանի օր առաջ քաղաքում մեկնարկած եւ այսօր էլ իրականացվող ծառատնկման աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում են կոմունալ ծառայությունից` մինչեւ այսօր Կապանում արդեն 200-ից ավելի ծառ է տնկվել եւ ծառատնկման այդ աշխատանքները շարունակական են լինելու: Նշենք, որ այսօր ոչ բոլոր թաղամասերում էին կապանցիներն ակտիվ եւ լուրջ վերաբերվում կազմակերպված շաբաթօրյակին: Իսկ առավոտվանից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակը կշարունակվի նաեւ վաղը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ