Նա հրապարակեց իր նամակը՝ Սերժ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան: Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանին այսպես ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը: «Ինձ ոչ մի նախագահ պետք չի, ինձ պետք է Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Դա պիտի անենք միասին: Հեգնանք չկա: Մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ»,- ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոսեց «Բարեւ Երեւան» դաշինքի եւ ցուցակի մասին, նշեց, որ շատ ուրախ է, որ իրենց հետ են Անահիտ Բախշյանը, Արթուր Իսպիրյանը, շատ ու շատ ազատ քաղաքացիներ՝ ազատ Երեւանի համար:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփեց բաց քաղաքացիական խորհրդի նիստերը, ինչպես խոստացել էր: Նա ասաց, որ բոլորն ունեն իրավունք Ազատության հրապարակում արտահայտել իր կարծիքը. «Մասնակցությամբ հանդերձ՝ թող ոչ ոք չհանդգնի ժողովրդի սերը չարաշահել՝ իրենց առանձին հատվածական օրակարգերի համար: Ես թույլ չեմ տալու: Բոլորը՝ կամ պիտի միաձուլվեն ժողովրդին, կամ դո՛ւրս եկեք հրապարակից»:
Նա հրապարակեց վերջին առաջարկը՝ նվազագույն շեմը՝ Սերժ Սարգսյանին. «Ես խնդրում եմ նկատել, որ իրենց խնդրած խորհրդապահական գաղտնի նամակագրությունը հենց իրենք բացեցին, մեր ուզածը հենց դա է, որ ամեն ինչ լինի ժողովրդի աչքի առաջ»:
Նա ընթերցեց այն նամակը, որն ուղարկվելու է Բաղրամյան 26՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրությամբ.
«Առաջարկ է ժողովրդի հետ մեկտեղ, որ մենք պատրաստ ենք Ձեզ կես ճանապարհին հանդիպել, հաղթահարել այս համազգային հիմնախնդիրը, հանգուցալուծում տալ, փոխել մեր երկրի կարգը, մենաշնորհները, ագահությունը, արտագաղթը: ժողովուրդը դա է ուզում, ես էլ՝ որպես ժողովրդի մասնիկ: Հիմա հերթը ձերն է՝ մինչեւ ապրիլի 9-ը քայլ կատարելու՝ ռազմավարական նշանակության քայլ՝ դեպի ինքնամաքրում, դեպի ժողովուրդ:
Երկու առաջարկ: Մեկը՝ ամբողջական, մյուսը՝ գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ, եթե դուք ուզում եք շարունակել որպես դե ֆակտո նախագահ՝ չունենալով ժողովրդի վստահությունը, նաեւ այդ հնարավորությունը պիտի տամ ձեզ»:
Նա հարց տվեց՝ պատրաս՞տ եք նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու: Կամ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս տարվա ընթացքում: Մինչ այդ, օրենսդրությունում կատարել փոփոխություններ, թողնել բացառապես համամասնականը, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների քվեարկության ապահովում, կամ նվազագույնը նրանց՝ ընտրացուցակներից հանում, որպեսզի նրանց փոխարեն չլցոնեն բացակա մեր հայրենակիցների հաշվին: Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: Երրորդ՝ հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառավարության լիազորությունները: 4-րդ՝ առանց բացառության բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում՝ մարզպետների, քաղաքապետների ենթարկում՝ քրեական պատասխանատվության: 5-րդ՝ Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, ԿԳ նախարարություն, Վերստուգիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, հակակոռուպցիոն հանձնաժողով: Վերջում պարոն Հովհաննիսյանը նշեց, որ նշված դրույթները անբեկանելի են՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ