Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) տնօրինությունը, դասախոսական կազմը և ուսանողությունը դիմորդների համար անցկացրեցին «բաց դռների օր»: Ուսանողներն անակնկալ մատուցեցին հյուրերին` ֆլեշ-մոբի տեսքով:
«Բաց դռների օրը» բուհի ամենամյա միջոցառումներից է, որի նպատակն է` ուսանողներին եւ ընդհանրապես հանրությանը տեղեկատվություն տրամադրել մեր համալսարանի գործունեության, ծրագրերի, դասավանդման մեթոդների մասին, ինչպես նաեւ` նպաստել ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը: Տվյալ դեպքում նախատեսված է համալսարանի մասին ամբողջական ինֆորմացիա, մասնավորապես` ընդունելության քննությունների, մասնագիտությունների, վճարման համակարգի, զեղչերով տեղերի մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:
«Բաց դռների օրվա» մասնակիցներըւ հնարավորություն ունեն շրջայց կատարել համալսարանում եւ տեղում ծանոթանալ պայմաններին»,-տեղեկացրեց պարոն Նավոյանը` նշելով նաեւ, որ Ֆրանսիական համալսարանը Հայաստանում ամենամեծ ֆրանկոֆոն կրթական կառույցն է:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ մարտի 27-ին տեղի կունենա «Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար» խորագրով համաժողովը, որի ընթացքում կբանախոսեն Հայաստանում ֆրանկոֆոն դեսպանները. «Կփորձենք քննարկման ներկայացնել ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի համար եւ թե ինչ է տալիս ֆրանկոֆոնիան Հայաստանին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ