Իրավիճակը շտկելու համար այսուհետ երիտասարդ սկսնակ ձեռներեցները աջակցություն կստանան:
Այսուհետ Լոռու Եւ Շիրակի 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները հնարավորություն կունենան ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցություն ստանալ ձեռնարկատիրություն սկսելու կամ զարգացնելու համար:
Նման հնարավորություն երիտասարդերին ընձեռել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի իրականացնող գործընկերն է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, որը ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին ձեռնարկատիրությանը վերաբերող եւ մասնագիտակցված դասընթացների, խորհրդատվության եւ տեխնիկական օգնության միջոցով:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Այս ծրագրով նախնական պայմանավորվածությամբ ֆինանսավորվելու են փոքր եւ միջին ձեռնարկատերերը, տեղի է ունենալու երիտասարդ ձեռնարկատերերի խրախուսում: Տրամադրվելու են վարկեր աննախադեպ ցածր տոկոսադրույքներով եւ բարենպաստ պայմաններով, որը զարկ է տալու մարզի երիտասարդ գործարարների զարգացմանը: Այս ամենի մեջ նաեւ մեծ դեր է տրվելու հատկապես կին գործարարների շահագրգռմանը»,-տեղեկացրեց ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Լոռու մասնաճյուղի տնօրեն Սեւակ Ափուջանյանը:
«Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագրի նպատակն է օգնել երիտասարդ գործարարներին սկսել իրենց բիզնեսը եւ ընդլայնել այն: Երիտասարդության զբաղվածության խնդիրը միայն Հայաստանին չէ հատուկ, բայց Հայաստանում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը մոտ 30 տոկոս է, ինչը երիտասարդության գործազրկության վիճակագրության մեջ ամենամեծ մակարդակներից մեկն է աշխարհում: ՄԱԱԶԿ-ի համար երիտասարդության զբաղվածության հարցն առաջնային ոլորտներից է»,-Լոռու մարզպետարանում ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՄԱԱԶԾ ներկայացուցիչ Մոհամեդ-Լամին Դհաոուին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ կարեւորելով նման ծրագրերի ներդրումը մարզում` նշեց, որ ամեն ինչ արվելու է `դրանց կյանքի կոչելու համար:
«Բոլորս էլ գիտենք ու գաղտնիք չէ, երբեք չենք թաքցրել, որ մեր մարզում այսօր աղքատության տոկոսը շատ բարձր է` մոտ 35-37 տոկոս: Այս առումով մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որպեսզի կարողանանք բնակչության զբաղվածության խնդիրը լուծել, եւ բնակչության զբաղվածության խնդիրը լուծելու ենք նաեւ այս ծրագրերի միջոցով: Մենք խոստանում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս համատեղ ծրագրերը կյանքի կոչվեն եւ արդյունքները մենք անպայման առաջիկայում տեսնենք»,-եզրափակեց մարզպետը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ