Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորաշեն-2007»-ի գործով այդքան սպասված վկան` Հերմինե Նաղդալյանի ամուսինն այդպես էլ չներկայացավ

Մարտ 22,2013 17:49

«Նորաշեն-2007»-ի բնակիչներ. «Հերմինե Նաղդալյանն ինչպես ասում է այդպես էլ անում են, օրենքն էլ է իր ձեռքին, դատարանն էլ»:

Շուշանիկ Աղաբաբյանի 103,7 քմ տարածքով բնակարանը, որը գտնվում է Գեւորգ Չաուշի 14/3 շենքում, մոտ 4 տարի է գտնվում է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ձեռքում, բնակարանը ձեւակերպված է հենց պատգամավորի անունով: Շուշանիկը բնակարանի առաջին գնորդն է եղել եւ մի օր պարզել է, որ իր բնակարանը մեկ այլ սեփականատեր ունի: Նա այսօր պայքարում է պատգամավորից իր բնակարանը հետ ստանալու համար:

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործով հերթական նիստն էր: Կոոպերատիվի տերերը` Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը, մեղադրվում են մի շարք քաղաքացիներին իրենց կոոպերատիվի կողմից կառուցվող բնակարանները վաճառելու, հետագայում այդ նույն բնակարանները այլ անձանց մոտ գրավ դնելու մեջ: Շենքի ապագա բնակիչները պարզել էին, որ իրենց բնակարանները գրավադրված են մի շարք հայտնի եւ անհայտ անձանց մոտ:

Դատական այսօրվա նիստին դատարանը որպես վկա էր դատակոչել 4 անձի, որոնց թվում էր նաեւ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը: Եվ չնայած նրան, որ պարոն Բեգլարյանը պարտավորվել էր ներկայանալ, սակայն այդպես էլ չեկավ: Նիստը վարող դատավոր Վազգեն Ռշտունին հայտնեց, որ պարոն Բեգլարյանը ներկայանալու է հաջորդ նիստին: Ներկայումս Դավիթ Բեգլարյանի ձեռքում գտնվում է 7-8 բնակարան: Ըստ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի տված ցուցմունքի, Դավիթ Բեգլարյանը 2009 թվականի նոյեմբերին, ամսական 5 տոկոս տոկոսադրույքով կոոպերատիվի տերերին տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր: Այս ամենն ամրագրված է եղել նաեւ ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշման մեջ:

Սակայն ինչպես բնակիչներն են փաստում, ընդամենը 5 օր հետո՝ նոյեմբերի 16-ին, ինչ-ինչ պատճառներով կայացվել է նոր որոշում՝ նույն քննիչի կողմից, որտեղ արդեն միանգամայն այլ եզրահանգում է եղել, մասնավորապես` քննիչը գրել է, որ «Դավիթ Բեգլարյանի՝ Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին որոշակի տոկոսադրույքով գումար տալու հանգամանքը չի հաստատվել նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, ավելին՝ հերքվել է՝ ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ»:

Նիստին չներկայացած 4 վկաներից մեկի` Սամվել Գալստյանի նկատմամբ  դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել: Մյուս երկու վկային չէին կարողացել ծանուցել` բնակության հասցեների փոփոխության պատճառով: Նշենք, որ այս գործով մոտ 300 անձի ցուցմունք կա: Այսօրվա նիստում դատավորը եւ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը ընթերցեցին նախաքննական մարմնի կողմից այս գործով վաշխառու ճանաչված անձանց նախաքննական ցուցմունքները: Թե ինչու նախաքննական մարմինը Դավիթ Բեգլարյանին չի ճանաչել վաշխառու, բնակիչների համար պարզ է. «Հերմինե Նաղդալյանն ինչպես ասում է այդպես էլ անում են, օրենքն էլ է իր ձեռքին, դատարանն էլ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031