Ազատության հրապարակում հավաքվածները՝ հետընտրական իրավիճակի եւ Սերժ Սարգսյանի մատնանշած ճանապարհների մասին
Ապրիլի 9-ին լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Այս առնչությամբ Ազատության հրապարակում հավաքվածները վստահեցնում էին, որ այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանն է երդվելու. «Սերժ Սարգսյանը չի՞ ամաչում, ո՞վ է ընտրել, որ երդումի է պատրաստվում: Երդումի Րաֆֆի Հովհաննիսյանն է գնալու:
Սերժ Սարգսյանը մեղքերի թողության համար է երդվելու»:
Սերժ Սարգսյանը մի քանի ճանապարհ է ցույց տվել Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Մեր հարցին՝ ո՞րն եք ճիշտ համարում, մի պապիկ պատասխանեց. «Նա ի՞նչ ճանապարհ գիտի, որ ճանապարհներ ցույց տա: Ընտրագողության ճանապարհները լավ գիտի, էդ կարա ցույց տա: Նրա ոչ մի բանն էլ ընդունելի չէ: Ազգը՝ 2 մլն-ը թողել-փախել են: Սպիտակ ցեղասպանություն է արել: Մարդիկ աղբանոցներից հաց են հավաքում՝ ուտում են»:
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության եկած քաղաքացիներից մեկը՝ Գուրգեն Սարիբեկյանը, առաջարկեց. «Մի ճանապարհ էլ մենք ենք մատնանշում իրեն, եթե ինքը աթոռի համար չի պայքարում, թող ընտրացուցակները բացի եւ արդարությունը հաստատի: Մենք էլ շնորհքով շնորհավորենք ու գնանք տներով»:
Նրա խոսքերով՝ ոչ մեկը իշխանափոխություն չի ուզում՝ արդարություն է ուզում. «Թող ցուցակները բացեն: Երբ մեկը, կոպիտ ասած, բռնաբարություն է անում ու հրաժարվում, երեխան երբ ծնվում է՝ արյան անալիզ են անում ու պարզում: Հիմա հանցանքը կա, ծնված երեխան դուք համարում եք, որ Սերժ Սարգսյանն է՝ բարի: Անալիզ կատարեք: Դա ընտրացուցակն է, քվեարկության մասնակիցներն ու իրենց քվեն: Էդ երկուսն անալիզ անեն, կտեսնեն ով է իսկական ծնվել, կգնան ծնունդը կշնորհավորեն, ի՞նչ է եղել: Այս ժողովուրդն իշխանափոխության հարց չի դրել»:
Մեկ այլ քաղաքացի՝ Մերուժան Հանեսյանը, համոզված է, որ ոչ թե ՍԴ-ում պետք է «Ժառանգությունն» ապացուցեր, որ կեղծված են ընտրությունները, այլ ՍԴ-ում իշխանությունը պետք է ապացուցեր, որ կեղծված չեն. «ՀՀՇ-ի հարսնացուն ի՞նչ է հելնում կարդում: Թող ապացուցեին, որ կեղծված չէր: Իսկ ապացուցելու 1 ձեւ կա՝ բոլորն էլ գիտեն՝ դա ընտրացուցակներն են, որտեղ 25 տարի առաջվա մեռելներ են»: Նա պատմեց, որ ինքն ունի 3 տղա եւ ապրում է նրանց հետ, մի տղան բանակում է, մյուսը բանակից եկել է, գնացել է Ռուսաստան, մնացել են ինքն ու փոքր որդին. «Ինձ 4 ծանուցում են տվել: Ես նայում եմ ընտրացուցակներում՝ Բալայան Հուսիկ, 12 տարի է՝ մահացել է մարդը: Բայց ցուցակում կա, եկել ընտրել, գնացել է:Կարդում եմ՝ Բերբերյան Գեւորգ: Էսի հնարավոր է, ընդամենը 7-8 ամիս է, ինչ մեռել է, կարող է եկել է քվեարկել-գնացել է: Հնարավոր է:Բայց էն մեկը 10 տարի է՝ մեռել է:Հանեք ցուցակները եւ ամեն ինչ կվերջանա»:
Ըստ Գեւորգ Սարիբեկյանի, Սերժ Սարգսյանը պահանջում է, որ ժողովուրդը քիչ չլինի Ազատության հրապարակում, որովհետեւ այդքան քիչ ժողովրդի մեջ մեծ սադրանքներ անելը դժվար է. «Նա պահանջում է մի 600 հազար, որ սադրանք սարքելը հեշտ լինի: Իրավիճակը դառնա անկառավարելի: Ստեղ սադրանք ստեղծել դժվար է, ժողովուրդը 30 տոկոսն իրար ճանաչում են: Դրա համար ուզում է հավաքվեն շատ, որ ներգրավի մարդիկ, սադրանք ստեղծեն, միջադեպ ստեղծեն, զորք մտցնեն»:
Նա վստահեցնում էր, որ Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանի համար չեն գալիս.«Եթե համոզվենք, որ անցել է Սերժ Սարգսյանը, ես անձամբ կշնորհավորեմ, կգնամ իմ տուն, ով ուզում է ստեղ սոված նստի: Ինձ չի հետաքրքրում»:
90-ամյա Մաքրուհին էլ եկել էր սատարելու Րաֆֆի Հովհանիսյանին: Նա երանի է տալիս, որ ամսի 9-ին մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, տեսնի կաթողիկոսին. «Երանի ստեղ լինեմ: Առերես կկանգնեմ իրան ասեմ՝ դու ով ես: Դուք չգիտեք, հո ես գիտեմ: Ամեն ինչ գիտեմ»: Մայրիկը չբացահայտեց, թե ինչ գիտի կաթողիկոսի մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ