Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Մարտ 22,2013 16:37

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսանիններորդ

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Եթե ինձ հրամայող ու ստիպող չի լինում, ժամանակ առ ժամանակ երգում, պարում եւ նույնիսկ արտասանում էլ եմ, եւ եթե ինձ ստիպող չի լինում, Ռուբոյի պես զանազան  ծիծաղաշարժ պատմություններ էլ եմ հիշելով պատմում, եւ հենց էս վեպս էլ է դրա վկայությունը, եւ եթե որեւէ մեկն ինձ ստիպեր էսքան երկար ու անվերջանալի մի վեպ գրել, հաստատ չէի գրի, եւ հիմա որ էսքան շատ ու էսքան երկար գրում եմ, էդ նրանից է, որ որեւէ մեկն ինձ չի ստիպել էդ անել, եւ Ռուբոյի էդ եզդիների պատմությունն էլ ձեզ համար հաճույքով կպատմեի, բայց դա կհետաձգեմ մի ավելի հարմար օրվա, որովհետեւ Շերենցի պես ինքս էլ եմ հասկանում, որ Ռուբոյի փոխարեն էդ պատմությունը պատմելով՝ էդ պատմությունն էականորեն եմ փչացնելու ու անհամացնելու, եւ հասկանում եմ նաեւ, որ էդ պատմության մասին էսքան խոսելով ու ձեզ էսքան տրամադրելով՝ իրավունք չունեմ էդ պատմությունը փչացնել ու անհամացնել, եւ էդ պատմությունը մի ավելի հարմար օրվա հետաձգելով՝ ինձ մնում է հիշեցնել, որ էսքան երկարբարակ շարադրածս մեր էդ խոսքուզրույցը տեղի էր ունենում յոթանասունականների վերջերի մի չափազանց հաճելի իրիկուն, եւ էդ իրիկվա Լեւոն Ներսիսյանը էականորեն էր տարբերվում դարավերջի Լեւոն Ներսիսյանից, ում հարկի տակ Ֆերեշեթը, Վահանն ու ես իննսունյոթի վերջին օրը հյուր էինք, ու էդ իրիկվա Ռուբոն էլ էր էսօրվա Ռուբոյից  էականորեն տարբեր եւ ուրիշ, եւ չնայած ահագին ժամանակ է՝ Արայիկին չեմ տեսել, կարծում եմ՝ ինքն էլ շատ փոխված կլինի, որովհետեւ էդ օրվանից էս կողմ շատ ջրեր են հոսել ու հոսում, եւ, կարող եմ ասել, երեքս էլ հաջողությամբ ու պնդաճակատորեն դիմադրելով՝ դիմացել ենք էդ, ուրեմն, հարափոփոխ ջրերին ու ալեկոծություններին, եւ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին կարող եմ ասել՝ չդիմացավ, եւ երկար մտածելուց հետո Լեւոն Ներսիսյանի մասին էլ նույնը կարող եմ ասել, եւ Շերենցի ու Մարգունու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ երկուսն էլ իրենց կյանքի օրոք միշտ նույնն էին, եւ  նմանապես Խորոզի մասին որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ Խորոզն, ասում են, վաղուց Ամերիկայի քաղաքացի է, եւ էս պահի դրությամբ Խորոզի մասին ավել բան ասել չեմ կարող, որովհետեւ ԱՄՆ քաղաքացու կարգավիճակում բոլորին ու բոլորիս պատկերացնում եմ՝ Խորոզից բացի, ու էդ երանելի իրիկվա իմ սեղանակիցներին վերադառնալով ու անդրադառնալով՝ պիտի ասեմ, որ էդ իրիկուն ամենից  ավելի Հովհաննես Շիրազն էր ինքը իրենից  տարբեր, ու նաեւ կարող եմ ասել, որ էդ իրիկուն առաջին ու վերջին անգամ Շիրազին սովորական ու միանգամայն հանգիստ  վիճակում տեսա, եւ չնայած Խորոզի զարթնելու պահերին լավ էլ անհանգստանում էր, էդ իրիկուն ընդհանուր առմամբ հանգիստ ու ընդհանուր առմամբ սովորական մարդ էր, ավելի ճիշտ՝ ոչ թե հանգիստ էր, այլ հանգստանում էր իր գրչակիցներից, իր ընթերցողներից, իր փառքից եւ, վերջապես, ինքը իրենից, եւ մոտավորապես նույնը Լեւոն Ներսիսյանի մասին պիտի ասեմ, որովհետեւ Լեւոն Ներսիսյանն էլ էր սովորաբար էդ սրճարանում հանգստանում իր դասերից, իր երկրպագուներից, իր փառքից եւ, վերջապես, ինքը իրենից, ավելի ճիշտ՝ կոնկրետ էդ սրճարանում ու կոնկրետ նշածս մարդկանց ընկերակցությամբ ու սեղանակցությամբ էր հանգստանում, որովհետեւ մարդ արարածը միայն ավելորդ ու կողմնակի մարդկանց ներկայությամբ ու առկայությամբ է անհանգստանում ու հանգիստը կորցնում, եւ հատկապես ու առանձնապես Լեւոն Ներսիսյանն ու Շիրազն էին ավելորդ մարդկանց ներկայությամբ իրենց հանգիստը կորցնում, ու էդ իրիկուն, փաստորեն, մեր սեղանի շուրջ ավելորդ մարդ չկար, եւ չնայած Խորոզի զարթնելու պահերին Շիրազը լավ էլ անհանգստանում էր, իրականում Խորոզն էլ էր Ներսիսյանի ու Շիրազի համար միանգամայն հարազատ մարդ, եւ նույնն իմ մասին կարող եմ ասել, որովհետեւ էդ պահի դրությամբ ինքս էլ Լեւոն Ներսիսյանի ու մանավանդ Շիրազի համար ավելորդ ու կողմնակի մարդ չէի, որովհետեւ արդեն «Ծիծեռնակում» էի աշխատում, եւ Ռոլանդի հետ «Ծիծեռնակի» գլխավոր խմբագիր Ժենյա Ղուկասովնային համոզում եւ Շիրազի որդիների՝ Մասիսի ու Սիփանի ջրաներկ աշխատանքները պարբերաբար տպագրում էինք մեր «Ծիծեռնակ» մանկական ամսագրում, եւ ձեր խոնարհ ծառան նմանապես Լեւոն Ներսիսյանի համար ավելորդ ու կողմնակի  չէր, ու երեւի ձեզանից ոմանք դեռեւս չեն մոռացել, որ ես, էդ պահի դրությամբ, Լեւոն Ներսիսյանի կողմից արդեն միանգամայն որոշակիորեն էի ճանաչված. այսինքն, էդ պահի դրությամբ Լեւոն Ներսիսյանը ոչ միայն բանաստեղծ լինելս գիտեր, այլեւ, եթե հիշում եք, իմ «Անհայտ զինվորի երգը» բանաստեղծության հետ կապված լիքը կատակներ էր արել Ռաֆայել Արամյանի ու Ամարյան Վազգենի ներկայությամբ, եւ, դրանից էլ բացի, նույն էդ սրճարանում յոթանասունվեցին Լեւոն Ներսիսյանի հետ Շերենցի ու Ֆրունզիկի ընկերակցությամբ մի ամբողջ օր նստել էի, ավելի ճիշտ՝ ընդամենը մի քանի ժամ էինք նստել, բայց էդ մի քանի ժամվա նկարագրությունն ինձ մոտ մի ամբողջ հատոր ստացվեց, եւ չնայած Լեւոն Ներսիսյանն ընդհանուր առմամբ անմարդամոտ ու անհանդուրժող էր, ինձ հնարավորինս  հանդուրժել ու հանդուրժում էր, եւ էդ էր պատճառը, որ տարիներ անց, ինձ անկոչ չհամարելով, Տիգրան Մանսուրյանի հետ այցելեցի Ներսիսյանին, երբ ինքը Սայաթ-Նովայի վրա էր բնակվում, իսկ դրանից մի քանի տարի անց էլ Ֆերեշեթի ու Իշխանյան Վահանի հետ մաեստրո Լեւոն Ներսիսյանին այցելեցի, երբ ինքն արդեն կինո «Նաիրիի» դիմացի շենքում էր բնակվում, եւ կինո «Նաիրիից» ու Սայաթ-Նովայից առաջ էլ մի կարճ ժամանակ Համալսարանի մոտերքում էր բնակվում, եւ Լեւոն Ներսիսյանի մասին իմ էս գրառումներին ծանոթանալով՝ որոշ մարդիկ կմտածեն թե՝ մաեստրոն միշտ կենտրոնում է ապրել՝ զանազան բնակարաններ փոխելով, մինչդեռ էս թվարկածս երեք բնակարաններն էլ նոր ժամանակների ու անձամբ Վանոյի նախաձեռնության հետ էին կապված, եւ իրականում մաեստրոն տարիներ շարունակ ապրել է  Աջափնյակի մի նեղլիկ միսենյականոցում, որտեղ էս պահի դրությամբ Խաչատրյան Թաթիկն է ընտանյոք բնակվում, եւ չնայած Աջափնյակի  էդ բնակարանում մաեստրոյին երբեւէ հյուր չեմ եղել, Թաթիկի պատմելով գիտեմ, որ չափազանց փոքր բնակարան է, եւ հիմա Լեւոն Ներսիսյան կոչվող էդ հսկային Աջափնյակի էդ նեղլիկ բնակարանում ոչ մի կերպ չպատկերացնելով՝ դժվարանում եմ պատկերացնել նաեւ՝ ինչպես է տարիներ շարունակ էդ հսկան քաղաքային լեփլեցուն ավտոբուսներով հասել Համալսարան, որտեղ ջահելությունն իրեն սրտատրոփ էր սպասում, եւ առանձնապես չեմ էլ փորձում էս ասածս պատկերացնել, որովհետեւ ինչքան էլ փորձեմ, խեղճ ու խեղճացած Լեւոն Ներսիսյան չեմ կարող պատկերացնել, եւ չնայած Լեւոն Ներսիսյանի մասին արդեն ահագին գրել եմ, հիմա զգում ու հասկանում եմ, որ իր մասին շատ քիչ բան եմ ասել, եւ նմանապես Ջանիբեկյան Կարենի նորագույն ամուսնության եւ նորագույն երջանկության մասին եմ շատ քիչ բան ասել՝ էդ պատմությունն ամենահետաքրքիր տեղում կիսատ թողնելով, եւ նույնիսկ Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմի մասին իրազեկումներս եմ կիսատ թողել, ինչպես նաեւ՝ Սեմերջյան Մանուկի պատմությունը, ավելի ճիշտ՝ Ջոնի պատմությունը՝ ֆուտբոլիստ Սեմերջյան Մանուկի հետ կապված, եւ, որ ամենակարեւորն է, իմ ու Ռոլանդի «Ծիծեռնակի» շրջանի մյուս հետաքրքրաշարժ արկածներին դեռեւս չեմ անդրադարձել, ու էդ անդրադարձներս շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ, եթե ձեզանից ոմանք դեռեւս հիշում են, ես իմ կյանքը հիշելով ու պատմելով՝ հասել էի անցյալ դարի յոթանասունութ թվական ու «Ծիծեռնակ», եւ «Ծիծեռնակում» Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը պատմելուց հետո վերստին թռա տարբեր ժամանակներ ու զանազան կողմեր, եւ կիսատ թողածներս ավարտելով՝ վերստին պիտի վերադառնամ անցյալ դարի յոթանասունութ թվական ու «Ծիծեռնակ», որովհետեւ «Ծիծեռնակից» հետո էլ իմ, Ռոլանդի ու շատերի կյանքն իր հունով շարունակվեց, եւ հիմա էլ է վայրիվերումներով շարունակվում, եւ, ինչպես էն ժամանակ, հիմա էլ լիքը կիսատ գործեր ու կիսատ թեմաներ ունեմ, որոնք բոլորն էլ ցանկալի է ցանկալի ավարտի հասցնել, եւ չնայած էս պահի իմ առողջությամբ ու իմ երեսունտոկոսանոց թոքերով հեշտ չէ էդ ամենն ավարտի հասցնել, այնուամենայնիվ, շատ ցանկալի է, եւ հիմա որ մտածում եմ, միանգամայն հնարավոր ու իրագործելի էլ է, որովհետեւ իմ բուն նպատակը ոչ թե էդ կիսատներն ավարտելն է, այլ՝ ընդամենը շարունակելը, մանավանդ որ՝ ես էս ընթացքում վերջնականապես համոզվեցի ու հասկացա, որ էս կյանքում ամեն ինչ շարունակվում ու չի ավարտվում, եւ որ երեսունտոկոսանոց եմ ասում, էդ էլ է միանգամայն հարաբերական, որովհետեւ ես երեսունտոկոսանոց թոքերի տեր էի սրանից շուրջ երկու տարի առաջ, իսկ թե հիմա էդ տոկոսայնությունն ինչքան է՝ միայն Աստծուն է հայտնի, ու էդ ուղղությամբ  հեչ չեմ էլ ուզում մտածել, եւ հենց էդ ուղղությամբ մտածում եմ, մեկից  տրամադրությունս ընկնում է, որովհետեւ երբ սրանից շուրջ երկու տարի առաջ զինվորական հոսպիտալի համակարգչային ռենտգենը բացահայտեց, որ թոքերիս ընդամենը երեսուն տոկոսն է մնացել, բժիշկներն ինձ խորհուրդ տվին ծխելն անմիջապես ու կտրականապես  թողնել, իսկ նրանցից ամենաիրատեսն ինձ բավական համոզիչ կերպով բացատրեց ու հասկացրեց, որ ծխելը շարունակելու դեպքում ամիսուկես էլ չեմ ձգի, բայց բժիշկներից  ամենալավատես ռոմանտիկը՝ Ավանդական բժշկության համալսարանի  գլխավոր բժիշկ Էլեոնորա Մնացականովնան ինձ հորդորեց  ծխելը հնարավորինս պակասեցնելով՝ հասցնել մինիմումի,  ու ես ծխելը կտրուկ պակասեցնելով՝ ամիսուկես լավ էլ ձգեցի, իսկ ամիսուկես անց վերադարձա նախկին քանակությանը՝ օրական երկուսից երկուսուկես տուփ, եւ, փաստորեն, առ էսօր էդ ոգով շարունակում ու շարունակվում եմ. այսինքն, օրական մինիմում երկու տուփ ծխելով՝ եւս երկու տարի բարեհաջող շարունակվեցի ու շարունակեցի, ընդ որում՝ ոչ միայն ապրելս ու գոյատեւելս շարունակեցի, այլեւ՝ էս ինքնակենսագրականս, որն իրականում ավելի անանձնական է, քան՝ անձնական, եւ թոքերիս տոկոսայնության մասին էս ժամանակավրեպ ու միանգամայն անտեղի հիշատակումս էլ է վկայում, որ էս գրածներս միանգամայն անանձնական են, այլապես էս ընթացքում ոչ թե Ջանիբեկյան Կարենի հերթական երջանկության կամ, ասենք, Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմի մասին կգրեի, այլ էս բոլոր էջերս բերնեբերան կլցնեի թոքերիս տոկոսայնության մասին նվնվոցներով, եւ առավել եւս Մանուկյան Ջոնի հերթական կուռք Սեմերջյան Մանուկին չէի անդրադառնա, եւ նմանապես չէի հիշի ու չէի անդրադառնա, որ անցյալ դարի իննսունյոթ թվականի ամենավերջին օրը Ֆերեշեթի ու Վահանի հետ այցելեցի մաեստրո Լեւոն Ներսիսյանին, եւ առավել եւս Ներսիսյանի, Շիրազի, Ռուբոյի ու մյուսների հետ անցկացրածս էդ սրճարանային հիշարժան իրիկունը չէի հիշի, որովհետեւ սեփական հիվանդությամբ ապրող ու տապակվող մարդուն  հատկապես իր անցյալը չի հետաքրքրում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031