«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկվեցին Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, Արկադի Աղաջանյանը, իսկ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը բռնարարքի արդյունքում մահացավ: Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց 6 ամբաստանյալներից առաջինը՝ ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Նա իր ցուցմունքից հետո հրաժարվեց պատասխանել մեղադրողների, տուժողների պաշտպանների հարցերին եւ պատասխանեց միայն իր պաշտպան, հանրային գրասենյակի փաստաբան Սերգեյ Մկրտչյանի հարցերին:
Դատարանը մինչ այդ հրապարակեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները, որի ժամանակ նա հայտնել էր, որ հունիսի 17-ին ռեստորանային համալիր են եկել 5 տղա եւ 1 աղջիկ, «սպորտիվկայով» մեկին նա ասել է՝ չի թույլատրվում, եւ որոշ ժամանակ անց «սպորտիվկայով տղան» իրեն դուրս է կանչել, ասելով, որ լավ չեն վերաբերվում իրեն: Նախաքննության ժամանակ Դավիթ Ադամյանը նաեւ հայտնել էր, որ Վահեի հետի «կլեչատվի» տղան իրեն հրել է, այդ ժամանակ մոտեցել են Գարիկը (ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մասին է խոսքը), Կյաժը եւ Արթուրը: Նա տեսել է ավտոկայանատեղիի մոտ ինչպես են ծեծել իր հաճախորդին: Իր պաշտպանի՝ Սերգեյ Մկրտչյանի հարցին, թե ինչո՞վ կբացատրի դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննության ժամանակ տված ցուցմունքների հակասությունը, Դավիթ Ադամյանը պատասխանեց. «35 տարեկան տղա եմ, առաջին անգամ եմ գնացել բաժին, չորս կողմից հարցեր էին տալիս, ինձ չէին հավատում, իրենք էին թելադրում, հարցնում՝ հաստավիզ Գարիկին, Յաշայի տղա «Կյաժ Արմանին» չե՞ս ճանաչում: Վախ կար, գլխիս վերեւը կանգնած էին մասկեքով: Ես ոչ մեկին չեմ տեսել, միայն մուտքի դեմն եմ տեսել, որ Գարիկը հրեց ինձ, որպեսզի ինձ չխփեն»: Ամբաստանյալ Դ. Ադամյանը իր պաշտպանի երկրորդ հարցին՝ պնդո՞ւմ եք, որ չեք մասնակցել ավտոկայանատեղիում տեղի ունեցած կռվին, նա ասաց, որ «ես այնտեղ չէի կարող լինել եւ չեմ եղել»: Դատարանը հրապարակեց նաեւ Դավիթ Ադամյանի հետ տուժողների առերես հարցաքննության արձանագրությունները, ապա նրա հարցաքննությունը համարվեց ավարտված:
Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը հրաժարվեցին այդ պահին ցուցմունք տալուց, իսկ նախորդ նիստին էլ հրաժարվել էր ցուցմունք տալ Արթուր Բաբլոյանը: Մեղադրող Արթուր Դավթյանը արհեստական ձգձգելու միտում տեսավ ամբաստանյալների գործողություններում, սակայն պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ արհեստական ձգձգելը «ձեռ չի տալիս» այսօր առաջին հերթին հենց պաշտպանական կողմին, քանի որ ամբաստանյալները 10 ամսից ավելի գտնվում են կալանքի տակ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև