Թբիլիսիում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Առաջնությունը եզրափակում են 84 կգ քաշայինները, որտեղ գերազանց է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը: Նա, որ փոխել է քաշային կարգը` 74 կիլոգրամից մեկ աստիճան վեր բարձրանալով, 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Մայքլ Բոդնարին, հաջորդ մրցափուլում` Ուկրաինայի ներկայացուցիչ Իբրահիմ Ալդաթովին, իսկ կիսաեզրափակչում` Մոլդովան ներկայացնող Պիոտր Յանուլովին: Մուրթազալիեւը եզրափակչում է եւ սպասում է չեմպիոնի կոչման համար վճռորոշ գոտեմարտում իր մրցակցին, որի անունը հայտնի կդառնա Դաթո Մարսագիշվիլի (Վրաստան)-Անզոր Ուրիշեւ (Ռուսաստան) դիմակայությունից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ