Հարցազրույց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փողային եւ հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հայտարարել է մրցույթ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակը երիտասարդներից կազմված սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելն է։ Ըստ նրա՝ մրցույթը երաժիշտների ընտրության լավագույն ձեւն է։
– Պարոն Սմբատյան, երիտասարդական նվագախումբը հայտարարել է երաժիշտների մրցույթ։ Մրցութային հանձնաժողովում ովքե՞ր են ընդգրկված լինելու, ընտրության ի՞նչ չափանիշներ են գործելու։
– Մրցութային հանձնաժողովում լինելու են պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն բարձր երաժշտական ճաշակ, ինտեգրված են մեր կրթական գործընթացում եւ կայացնում են այն։ Հանձնաժողովում կլինեն մարդիկ, ում ազգանուններն ինքնին խոսուն են եւ կասկած չեն առաջացնի, որ մրցույթն անցնելու է ինչպես հարկն է։ Մեր նպատակը որակյալ սիմֆոնիկ նվագախումբ կայացնելն է։ Եվ հանձնաժողովն օգնելու է մեզ այն ճիշտ կայացնելու հարցում։
Կարդացեք նաև
– Հայաստանում ընդունվա՞ծ է նվագախմբերը մրցութային եղանակով համալրելը, թե՞ երիտասարդական նվագախումբն առաջինն է, որ այդ մոտեցումն է որդեգրել։
– Որքան գիտեմ, դա օրենք է։ Եվ կարծում եմ՝ մրցույթն ընտրության ամենաճիշտ ու արդար մեխանիզմն է, որ մարդկանց խթանում է, մղում դեպի կատարելագործման։ Երկու տարի առաջ լարային գործիքների երաժիշտների թափուր տեղի համար մրցույթ անցկացրինք եւ համոզվեցինք, որ դա ամենաճիշտ լուծումն է։
– Մենք խոսում ենք երաժիշտների մրցութային եղանակով ընտրության մասին, ի՞նչ եք կարծում, նույն ճանապարհով պետք է կատարվի նաեւ դիրիժորների՞ ընտրությունը։
– Մենք միշտ սիրում ենք խոսել միջազգային փորձի մասին եւ ցանկանում ենք համապատասխանել միջազգային չափանիշներին։ Աշխարհում դիրիժորները շատ քիչ աշխատանքային ծավալ ունեն. նրանք պատասխանատու են միայն գեղարվեստական մասի համար։ Հայաստանում դիրիժորն ընկալվում է որպես կոլեկտիվի առաջնորդ, որը պատասխանատու է ամեն ինչի համար։ Չեմ կարող գնահատել՝ որն է լավ, որը՝ վատ։ Եթե մենք խոսենք եվրոպական չափանիշների մասին, ապա դիրիժորներն ընդհանրապես չեն խառնվում կառավարման մեխանիզմին եւ որպես երաժիշտ՝ մրցույթով անցնում են։ Նվագախումբն ինքն է որոշում՝ ով պետք է լինի իր դիրիժորն առաջիկա 2-3 տարիներին։ Այդ պրակտիկան Հայաստանում չի ընդունվում, բայց կարծում եմ՝ այն պետք է ներմուծվի, քանի որ կառաջացնի առողջ մրցակցություն, ինչի պակասը մենք շատ ունենք, ընդ որում՝ բոլոր ոլորտներում։ Արվեստը կոնկրետ քայլերի կարիք ունի, եւ մրցույթն անհրաժեշտ է նաեւ նրա համար, որպեսզի որեւէ մեկը չկասկածի դիրիժորի կամ երաժշտի պրոֆեսիոնալիզմի հարցում։
– Դուք մի քանի տարի ղեկավարում եք երիտասարդական նվագախումբը, ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել այս ընթացքում։
– Ամենամեծ ձեռքբերումն անցած տարիների մեր աշխատանքը, նվիրումը, կայանալն ու զարգացումն է, եւ այն, որ Եվրոպայում գիտեն մեր մասին։ Այսօր երիտասարդական նվագախմբին սպասում են Եվրոպայում։ Դասական երաժշտության մայրաքաղաք համարվող Բեռլինում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ունի անուն, պատմություն եւ շատ սիրված հյուր է։ Մենք ամենահարուստ կենսագրություն ունեցող փառատոնից ունենք պաշտոնական նամակ, որն արձանագրում է, որ իր 25-ամյա պատմության մեջ Հայաստանի երիտասարդական նվագախումբը լավագույններից մեկն է։ Սա՝ մասնագիտական դաշտում։ Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած ձեռքբերումներին, ապա կարծում եմ՝ երիտասարդական նվագախմբի գործունեությունը նպաստեց, որ դասական երաժշտության հանդիսատեսը մեր երկրում երիտասարդացավ։ Համոզված եմ, որ երիտասարդական նվագախմբի ստեղծումն ու գործունեությունը Հայաստանի մշակութային քաղաքականության ձեռքբերումներից է։
– Դասական երաժշտության ոլորտում ի՞նչ հրատապ խնդիրներ կան, որ լուծման կարիք ունեն։
– Եթե անգամ կան խնդիրներ, ապա այն մարդիկ, ովքեր կոչված են դրանք լուծելու, պետք է շատ հստակ հասկանան՝ ինչպես դա անել։ Ցավոք, մեզ մոտ այդ դրվածքը չկա։ Եվրոպայում եթե ինչ-որ մեկը մի քանի րոպե հնարավորություն է ստանում զբաղեցնել հեռուստաեթերը, նա չի կարող ուղղակի քննադատել, պետք է առաջարկի իր բարձրացրած հարցերի լուծման ճանապարհները։ Մեզ մոտ նույնիսկ արվեստի կառավարման բնագավառում կան մարդիկ, ովքեր ասում են՝ վատ է, սակայն ոչ մի մեխանիզմ չեն առաջարկում, եւ նույնիսկ եթե առաջարկում էլ են, այնքան, մեղմ ասած, սուբյեկտիվ, ես կասեի անգամ էգոյով լի մեխանիզմներ են, որ ավելի շատ ուղղված են քանդելուն, քան ստեղծելուն։ Կառավարման այդ ձեւն անընդունելի է։ Պետք է լինի հստակ ռազմավարություն, եւ այն պետք է մշակեն մարդիկ, ովքեր հասկանում են դրանից։ Այսօր մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ եթե կոլեկտիվների ղեկավարները 19-րդ դարի իրականության մեջ են, չեն կարող ինչ-որ բան առաջ տանել։
ԱՆՆԱ ՂԱԶԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Պարոն Սմբատյանի կատարած աշխատանքն այս երկրի մշակութային կյանքի համար անգնահատելի է: Բրավո Մաեստրո:
Սերգեյը շատ է սիրում թոզ փչել հանրության աչքերին. Հարգելի Սերգեյ մի վաճառեք ձեզ, մենք բոլորս էլ գիտենք, որ մշակույթում իրավիճակը սոսկալի է: Մի ձևացրեք, հերիք է լիզելով զբաղվեք, ավելի լավ է գործով զբաղվեք:
իսկ ինչու չեք խոսում ձեր նվագախմբի երաժիշտների աշխատավարձների մասին, որը կազմում է մոտ 60 հազար դրամ և ձեր աշխատավարձի մասին, որը կազմում է 500000 դրամ և այն, որ դուք անօրինական ձևով կոնսերվատորիայի 3-րդ հարկի մի մասը վերցրել եք ձեզ, երևի ՊԱՊԱնա զանգել ասել: Հարգելիներս, հետաքրքրության համար այցելեք երիտասարդական նվագախմբի գրասենյակ և ինքներդ կհասկանաք թե ուր են գնում բյուջեյի գումարները:
Եվ թե ինչ ատկատներ են անում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժամանակ, որը ևս կառավարում է Սմբատյանների ընտանիքը: Ողբամ քեզ օ մշակույթի նախարարություն և յանմ մշակույթի նախարար !
Վաճառվեք պարոնայք, վաճառվեք !!!
Ուրախալի է ունենալ այսքան երիտասարդ ու այսքան սիրված, ներկայանալի երաժիշտ։ Մեծ գործ է անում երիտասարդության շրջանում։ Մեծ գործ է անում նաև դասական երաժշտության մասայականացման ուղղությամբ։ Մոլոդոյ Ճգնավորյան։
Հեշտորեն քննադատում և փնովում եք արժանավոր մարդկանց կատարած աշխատանքը: Ամենահեշտ բանն է զրպարտել և արատավորել մարդուն: Ամոթ է: Կարողացեք գնահատել ու բարձրաձայնել ձեր հայրենակիցների կատարած աշխատանքն ու փորձեք ինչ-որ բանով սատարել նրանց, այլ ոչ թե խանգարել ու չարախոսել: Սա մեր ազգի ամենամեծ խնդիրն է:
Մի մոռացեք, որ նախանձը մեծագույն մեղքերից է: