Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի փախստականի դատ էլ ավարտվեց

Մարտ 22,2013 15:55

Հրաչյան ծնվել է 1988 թվականին

Հրաչյայի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատական քննություններն ավարտվեցին: Արդեն երկու տարի է, ինչ Հրաչյա Վարդանյանը ստիպված է լինում քաշքշուկների հանդիպել միայն այն պատճառով, որ երկու տասնյակ տարիներ ՀՀ-ում ճանաչվել եւ հաստատվել է որպես փախստական, իսկ 2010 թվականին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության հակասական որոշման պատճառով դադարեցվեց նրա փախստականի կարգավիճակը: Դատական քննություններն անցկացվեցին դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ: Դատական քննությունները պարբերաբար հետաձգվում էին՝ ՄՊԾ-ի կողմից որպես պատասխանող կողմ՝ ներկայացուցչով չապահովելու պատճառով, սակայն պետք է նշենք նաեւ, որ Հրաչյայի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատական քննություններին ՄՊԾ-ն ներկայացել է ընդմիջումներով, իսկ վերջին դատական քննությանը ներկա չի էլ եղել: ՄՊԾ-ն գրության միջոցով տեղեկացրել էր դատարանին, որ կարող է օգտվել ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասից, ըստ որի՝ հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ եւ ներկայացված նյութերի հիման վրա քննելու, սակայն, այդուամենայնիվ, դատավոր Արման Թովմասյանը պարտավորեցնում էր ՄՊԾ-ին՝ ապահովել որպես պատասխանող կողմ՝ ներկայացուցչով:

Դատական քննությունն ընթանում էր գրեթե երկու տարի: Նշանակվել է վճռի հրապարակման օր՝ մարտի 28-ը: Տարիներ տեւած դատական քննությունների ընթացքում Հրաչյայի հայցով դատարանում որպես ներկայացուցիչ՝ Աստղիկ Ջանիկյանը ներկայացնում էր Հրաչյայի գործով առկա բոլոր փաստերը: Ներկայացվեց Հրաչյայի բռնագաղթման մասին փաստաթղթեր, քանի որ ՄՊԾ-ն, դադարեցնելով Հրաչյայի փախստականի կարգավիճակը, որոշման մեջ շեշտել էր, թե Հրաչյան չի կարող ճանաչվել փախստական, քանի որ ծնվել է Հայաստանում: Այդ խնդրի հետ կապված՝ Հրաչյայի հայրը՝ Վարդան Վարդանյանը, ներկայացրեց այն փաստաթղթերը, որտեղ նշված էր, որ նա մինչեւ 1989 թվականի փետրվար-մարտ ամիսները եղել է Ադրբեջանում, ուստի Հրաչյան ծնվել է ոչ թե 1989 թվականին, ինչպես պնդում է ՄՊԾ-ն, այլ՝ 1988 թվականին, իսկ ծնողների հետ բռնագաղթվել է Հայաստան 1989 թվականին: Պարզեցինք, որ Հրաչյայի ծննդյան տարեթվի հետ կապված սխալմունքը գալիս էր նրանից, որ նրա ծնողներն Ադրբեջանում չէին կարողացել վերցնել տղայի ծննդյան վկայականը, քանի որ այդ տարիներին Ադրբեջանում հայաթափման քաղաքականություն էր տիրում: Գալով Հայաստան՝ դիմել են պետական լիազոր մարմնին՝ Հրաչյայի ծննդյան վկայականը ստանալու համար, սակայն այդ ժամանակ էլ Սպիտակի երկրաշարժի դեպքն է լինում, եւ Հրաչյայի ծննդյան վկայականը ձգձգվում է: Այն տրամադրվում է միայն 1989 թվականին, որն էլ ՄՊԾ-ի համար հանդիսանում է որպես փաստ նշելու, թե Հրաչյան ծնվել է ՀՀ-ում:

Հարցն ամբողջապես խնդրահարույց չէր լինի, եթե հաշվի չառնվեր այն փաստը, որ, այդուամենայնիվ, Հրաչյան ճանաչվել է որպես փախստական, ստացել է փախստականի վկայական՝ 16 տարին լրանալուն պես, իսկ այդուհետեւ՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ինչն էլ իր հերթին երկարաձգվել է կամ փոխարինվել նորով: Այդ փաստացի հանգամանքը չէր կարող անտեսվել հայցվոր Հրաչյայի ներկայացուցիչ՝ Աստղիկ Ջանիկյանի կողմից, եւ նա անմիջապես հարցում է արել ՄՊԾ՝ հասկանալու համար, թե արդյոք ՄՊԾ-ն տրամադրե՞լ է տեղեկանք 2007 թվականին այն մասին, որ Հրաչյան համարվում է փախստական, թե՝ ոչ: ՄՊԾ-ից պատասխանել են, որ 2007 թվականին Հրաչյային տրամադրվել է տեղեկանք այն մասին, որ նա համարվում է փախստական: Այդքանից հետո ՄՊԾ-ի կողմից 2010 թվականին կայացվել է որոշում ու դադարեցվել Հրաչյայի փախստականի կարգավիճակը, իսկ Հրաչյան կանգնել է իրենց կատարած խախտումների փաստի առաջ:

Փաստացի, դատարանը կկայացնի որոշում՝ կամ պարտավորեցնել ՄՊԾ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ եւ վերականգնել Հրաչյայի փախստականի կարգավիճակը ՀՀ-ում, կամ կմերժի նրա փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031