Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» մատուցողը ցուցմունք տվեց

Մարտ 22,2013 15:52

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքների գործով տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Դավիթ Ադամյանին հարցաքննել առանց մյուս ամբաստանյալների ներկայության: Պաշտպանական կողմը նույնպես առարկեց այս միջնորդությանը, գտնելով, որ մրցակցության սկզբունքը կխախտվի եւ որ տուժողի իրավահաջորդի ենթադրությունը, թե ամբաստանյալը կարող է կաշկանդված լինել, չի կարող հարցաքննության հիմքում դրվել:

Դավիթ Ադամյանը, որն աշխատել է համալիրում՝ որպես մատուցող, ցուցմունք տվեց եւ հրաժարվեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին: Նա հայտնեց, որ անցյալ տարվա հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում իրեն է մոտեցել երգիչ Դավիթը, ասելով, թե ընկերներս կերած-խմած գալու են, սեղան է պետք: Կես ժամ հետո եկել են Դավիթի ընկերները: Լիանան եւ Վահեն մոտենում են իրեն եւ անմիջապես «տուալետի» տեղն են հարցնում: Մատուցողը, տեսնելով, որ Վահեն սպորտային համազգեստով է, ասում է, որ սպորտային համազգեստով չի կարելի մտնել համալիր: Վահե Ավետյանը հարցնում է, թե ով է կարգադրել, մատուցողը պատասխանում է՝ տնօրինությունը: Ըստ Դավիթ Ադամյանի ցուցմունքի, Վահեն իրեն ասել է, թե հայտնիր տնօրինությանը, թե մարզազգեստս հանելու եմ եւ տրուսիկով մտնելու եմ: Ամբաստանյալ Դավիթ Ադամյանն ասաց, որ Վահեն անընդհատ հայհոյում էր, իր ընտանիքին հայհոյելուց հետո նա հարվածում է Վահեին, ապա բարձրանում տնօրենի մոտ, հրաժարվելով սպասարկել այդ սեղանը: Հետագայում իրեն է մոտենում Մանուկ անունով երկրորդ սպասարկողը եւ ասում է. «Ապե, գնա սպասարկի, հավես չունեմ»: Դատարանում  Դ. Ադամյանը նաեւ հայտնեց, որ տուժող Արկադի Աղաջանյանը կանչել է իրեն, ասել է՝ արի խմենք, խոսանք, ինքը հրաժարվել է՝ ասելով՝ աշխատանքի մեջ եմ, չեմ խմում:  Հետո նկատել է Վահեին կեպիով՝ Լիանայի հետ գրկախառնված: Ըստ ամբաստանյալի, Վահեն դիմել է իրեն, ասելով՝ ըտենց մի նայի, կայֆավա՞տ ես լինում: Սակայն ինքը որեւէ հարցի այլեւս չի պատասխանել: Գարիկն ու Նորայրն են մոտեցել, վերջինն իրեն ասել է՝ ռադ եղիր, բարձրացի վերեւ, ինքը բարձրացել է տնօրենի մոտ, իսկ երբ տնօրենի հետ իջել է ներքեւ, Լիանան ու Էդգարը կանգնած հաշիվն են ուզել, որը փակել-գնացել են: Մատուցողն ասաց, որ ինքը շարունակել է աշխատանքը, ապա գնացել է տուն, առավոտյան զանգել-ասել են՝ գնա միլիցիա:

Մեղադրող Արթուր Դավթյանը եւ տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հակասություններ տեսնելով ամբաստանյալի նախաքննության ժամանակ տված ցուցմունքների միջեւ, միջնորդեցին, որպեսզի հրապարակվեն դրանք: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան, հանրային գրասենյակի փաստաբան Սերգեյ Մկրտչյանը խնդրել է ընդմիջում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031