Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

Մարտ 22,2013 15:50

Դպրոցում ոչ պատշաճ վերահսկողության հետեւանքով մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան գործով դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2010թ. հունիսի 5-ին, Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի քննության ժամանակ, համադասարանցիների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում մահացած Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Եվրոպական դատարանում ուզում ենք հասնել նրան, որ ՀՀ-ում գործող իրավական ակտերը կամ ՀՀ կողմից վավերացրած եվրոպական կոնվենցիաները ինքնանպատակ չլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում է Արայիկ Զալյանը՝ նշելով, որ այդ օրենքները պետք է գործեն եւ իրավական ուժ ունենան:

«Գործում առկա էին բազմաթիվ խախտումներ, եւ մեր կողմից ներկայացված ոչ մի հիմնավորում, ոչ մի պատճառաբանություն, ոչ մի փաստարկ չընդունվեց: Բազմաթիվ հիմքեր կային դիմելու ՄԻԵԴ, եւ դիմեցինք»,- ասում է Արայիկ Զալյանը:

Նա նկատում է, որ դպրոց մուտք գործած երեխաների կյանքի համար պատասխանատվություն է կրում հենց դպրոցը:

«Դպրոցը ՀՀ-ում գործում է որպես պետական կառույց: Հանձնելով մեր երեխաներին պետական կառույց՝ դպրոց, մենք նրանց հանձնում ենք պետությանը: Այսինքն՝ երբ երեխան մուտք է գործում տվյալ հաստատություն, տվյալ երեխայի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է տվյալ դպրոցի վարչակազմը: Այս դեպքում Դերենիկ Գասպարյանի մայրը երեխային տարել է դպրոց այն ժամին, երբ իրենց կանչել են դպրոց: Երեխան՝ ուրախ-զվարթ, ծաղկեփունջը ձեռքին, մուտք է գործել դպրոց, մայրը նրան հանձնել է դասղեկին, որից հետո վերադարձել է տուն, ապա լսել, որ իր երեխան մահացել է ծեծկռտուքի արդյունքում»,- բացատրում է Արայիկ Զալյանը:

Նա նկատում է, որ ողջ խնդիրն այն է, որ դպրոցի վարչակազմը տվյալ գործով ենթակա է պատասխանատվության (պարտադիր չէ քրեական), ինչը, սակայն, մինչ օրս չի արվել:

«Եթե երեխան մուտք է գործում դպրոց, ապա դպրոցն է նրա համար պատասխանատու: Մենք ունենք փաստաթղթեր, ՀՀ ԿԳ նախարարի հրամանը, որով սահմանվում են կողմերի՝ դպրոցի, ծնողների եւ երեխաների իրավունքներն ու պարտավորությունները: Կոնկրետ այդ փաստաթղթի մեջ գրված է, որ երեխայի կյանքի համար պատասխանատվությունը կրում է դպրոցի վարչակազմը, այսինքն՝ այնպես չէ, որ մենք չունենք իրավական ակտեր: Հետեւաբար, դպրոցի վարչակազմը տվյալ գործով պետք է ենթարկվեր պատասխանատվության, որը չի արվել»,- ՄԻԵԴ դիմելու պատճառներին է անդրադառնում իրավահաջորդի ներկայացուցիչը:

Նկատենք, որ նախաքննության մարմինը քրեական գործ էր հարուցել Դերենիկ Գասպարյանի առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքի հիմքով եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճել այն:

Թեեւ այն բանից հետո, երբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հրայր Սարգսյանի, որոշում էր կայացրել բավարարել Արայիկ Զալյանի դիմում-բողոքը՝ վերացրել էր կարճման որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության, գործը վերահսկող դատախազի՝ վերաքննիչ բողոքը բավարարվել էր, եւ օրինական ուժ էր ստացել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Հաջորդ ատյանները հաշվի չէին առել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի այն դրույթները, որ 10-ամյա երեխայի մահվան հետ կապված մի շարք հանգամանքների վերաբերյալ նախաքննական մարմինը չէր իրականացրել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն եւ այդկերպ նրա մահվան փաստի վերաբերյալ հանգել էր սխալ հետեւության:

«Մի կողմից նախաքննության մարմինն ապացուցված էր համարել ծեծի ենթարկվելու փաստը, մյուս կողմից՝ ծեծը որպես մահվան պատճառ, քննության չէր առել»,- պատմում է իրավահաջորդի ներկայացուցիչը՝ նկատելով, որ նախաքննության մարմինը հիմնավորված էր համարել այն, որ Դերենիկին դպրոցում համադասարանցիներ Իշխան եւ Վրեժ Հարությունյանների կողմից ծեծի ենթարկելը անմիջականորեն կապված է նրա մահվան պատճառահետեւանքային կապի հետ, ավելին՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից պարզվել է, որ Դերենիկ Գասպարյանը մահացել է շնչառական ու սիրտ-անոթային գործունեության սուր խանգարումների զարգացման հետեւանքով, որոնք կարող էին առաջանալ նաեւ հարվածներից:

«Փորձագետի եզրակացության համաձայն՝ եթե ծեծկռտուքը չլիներ, Դերենիկ Գասպարյանը չէր մահանա: Սակայն այս եւ այլ հանգամանքներ ՀՀ դատարաններն ու նախաքննության մարմինը հաշվի չառան»,- նշում է իրավահաջորդի ներկայացուցիչը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031