Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի մրցակցություն՝ Վերին Բազմաբերդում

Մարտ 22,2013 15:48

Այս համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ են

Անցած տարվա սեպտեմբերի 23-ին Արագածոտնի 85 համայնքում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ղեկավարի ընտրություններ: Արդյունքում մարզի 68 համայնքապետեր վերընտրվեցին, եւ ընդամենը 17 համայնք ունեցավ նոր ղեկավար:

Վերջիններից մեկը Վերին Բազմաբերդի գյուղապետն էր: Հետընտրական քննարկումները դեռ չէին ավարտվել, երբ նորընտիր գյուղապետը հրաժարական ներկայացնելու մտադրություն հայտնեց: Մտադրությունը շատ շուտ դարձավ նաեւ որոշում, որին փորձեցին դեմ դուրս գալ նրա ընտրողները, նույնիսկ մարզպետարանում հորդորեցին շարունակել պաշտոնավարումը: Սակայն արցախյան ազատամարտի մասնակից Հ. Առաքելյանը անհողդողդ մնաց իր վճռի մեջ՝ պատճառաբանելով առողջության հետ կապված խնդիրները:

Արժե հիշել, որ անկուսակցական այս թեկնածուն սեպտեմբերյան ընտրությունում ինքնաառաջադրվել էր՝ ընտրապայքար մղելով ՀՅԴ անդամ, գործող գյուղապետ Արտաշես Մերուժանի Սաֆարյանի դեմ: Վերջինիս նկատմամբ Հունան Առաքելյանի առավելությունն ակնհայտ էր. ընտրության մասնակից 243 վերինբազմաբերդցիներից միայն 101-ը կողմ եղավ գործող գյուղապետին:

Մարտի 24-ին Վերին Բազմաբերդում վերստին համայնքի ղեկավարի ընտրություն է, որն այս անգամ լինելու է արտահերթ: Առաջադրված եւ գրանցված թեկնածուները դարձյալ երկուսն են, որոնցից մեկը դարձյալ նախկին գյուղապետ Արտաշես Սաֆարյանն է: Նրա դեմ այս անգամ ընտրապայքարի է ելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Զաքար Լեւոնի Զաքարյանը: Նա առաջադրվել է հենց ԲՀԿ-ի կողմից, իսկ Ա. Սաֆարյանը ինքնաառաջադրվել է: Էական համարենք այն, որ դաշնակցական Արտաշես Սաֆարյանը նախորդ ընտրությունում Հունան Առաքելյանին պարտվելիս առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից: Մինչդեռ այս կուսակցությունը երես է թեքել իր անդամից եւ ամիսներ առաջվա ընտրությունում պարտվածին այլեւս չի վստահում ու նրա հետ հույսեր չի կապում: Ա. Սաֆարյանն, այնուամենայնիվ, փորձել է ամեն գնով վերստին ձեռք բերել Դաշնակցության «դաբրոն», ու երբ ոչինչ չի ստացվել, մտմտում է լքել ՀՅԴ-ի շարքերը: Այս պարագայում հետաքրքիր է՝ քաղաքական ի՞նչ կողմնորոշում կարող է ունենալ նա, իսկ մինչ այդ գյուղում նրան արդեն շապիկափոխ գյուղապետ են համարում:

Իսկ ո՞վ է Վերին Բազմաբերդի բարգավաճական թեկնածուն. Զաքար Զաքարյանը ավելի քան 20 տարով փոքր է իր մրցակցից, ունի բարձրագույն գյուղատնտեսական կրթություն եւ համայնքի ավագանու անդամ է: Նա, որպես երբեմնի գյուղապետի որդի, ավագանու անդամ, որոշ պատկերացում ունի համայնքի բյուջեի, նրա սուղ միջոցների մասին եւ գտնում է, որ բյուջեն հարյուր տոկոսով կատարելիս անգամ հնարավոր չէ որեւէ ծրագիր իրականացնել գյուղում: Ասենք, որ այս թեկնածուի դաշնակցական հայր Լեւոն Զաքարյանը նախկինում երկու ընտրաշրջան՝ մինչեւ 2002թ., ղեկավարել է գյուղը: Այս հանգամանքը, թվում է, որդու համար որոշակի դեր ունենալու է առաջիկա ընտրությունում: Իսկ որդին ու նաեւ իր ուսանող քույրը քաղաքական առումով շեղվել են հայրիկի ճանապարհից՝ անդամակցելով «Բարգավաճ Հայաստանին»: Հոր կուսակցականության մասին խոսք բացվելիս Զաքար Զաքարյանը փորձում է «ճշտել». «Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 66-ամյա հայրս հրաժարվել է ՀՅԴ-ից…»:

Չենք կարծում, թե ցուցակային ընդամենը 338 ընտրող ունեցող Վերին Բազմաբերդը դժվարին ընտրության շեմին է: Ենթադրվում է, որ գյուղացիները քվեախցիկ մտնելիս հուսահատ թեւ են թափահարելու եւ մտովի ինքնահարցում կատարելու, ընդ որում՝ երկուսից մեկը. կամ՝ «չորս տարում ի՞նչ արեց, որ հիմա ինչ անի», կամ էլ՝ «հայրն ի՞նչ արեց, որ որդին ինչ անի»:

ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031