Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի օգտվում իր սահմանադրական իրավունքից

Մարտ 22,2013 15:41

«Ոչ ոք իրենց չի խանգարում արտահերթ նիստ հրավիրել»,- ասում է Ռուբիկ Հակոբյանը

«Անչափ ուրախ կլինեի, որ այդ դիտարկումները համապատասխանեին այսօրվա իրականությանը, եւ, իսկապես, մեր պետությունը եվրոպական ընտանիքին ներկայանար որպես այդպիսին: Իսկապես ուրախ կլինեի, եւ դա կլիներ բոլորիս սրտով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատել էր. «Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները»: Հայաստանի եվրոպացի գործընկերը դրական գնահատականներ էր հնչեցրել նաեւ հայաստանյան վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ըստ ռադիոկայանի՝ ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին, եւ լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու եւ կիրարկելու ուղղությամբ: Ազատության հրապարակում ակտիվ պայքար մղող թեկնածուի համակիրն ու համախոհը նկատում է, որ հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ որեւէ դիտորդական առաքելություն որեւէ ձեւակերպմամբ չի կարող իրեն եւ Ազատության հրապարակում հավաքվածներին համոզել, որ ընտրությունները չեն կեղծվել, եթե նույնիսկ վերցնենք այն 579 տեղամասերը, որտեղ ընտրություններին մասնակցել են 70-ից ավելի ընտրողներ եւ 75-100 տոկոսով ձայն են տվել գործող նախագահին: Դիտորդական առաքելությունների հետ իր շփումներից Ռուբիկ Հակոբյանը տպավորություն է ստացել, որ նրանք կարծես ներքին համեմատության եզրեր են ուզում տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. «Այդ համեմատության մեջ Հայաստանը գուցեեւ առաջընթաց ունի: Բայց դա ինչ-որ տեղ ինձ վիրավորում է: Կարծում եմ՝ նաեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»: Պարոն Հակոբյանը հավելում է, որ որեւէ կառույց եւ գերտերություն իր շահի պրիզմայով է գնահատականներ տալիս Հայաստանին՝  նկատելով, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին արված առաջարկությունները կոռուպցիայի նվազեցման, մարդու իրավունքների բարելավման, թե 2008 թվականի մարտի 1-2-ի հետ կապված հարցերը գրեթե միշտ են հնչել, բայց դրանք այդպես էլ մնացել են թղթի վրա: «Չեմ կարծում, որ որեւէ մեկն այսօր կարող է ինձ ապացուցել, թե վերջին 4-5 տարիների ընթացքում այդ հարցերի հետ կապված որեւէ առաջընթաց կա: Իրենք իսկ հակասում են իրենց մոտեցումներին. նորից առաջարկում են՝ իմանալով հանդերձ, որ որեւէ տեղաշարժ չի կատարվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Պատասխանելով ՀԱԿ պատգամավորի հարցին՝ այսօր խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ «մարտի մեկի» հարցով նոր խորհրդարանական հանձնաժողովի հարցը հաջորդ քառօրյայում կքննարկվի: Այն, որ հանրապետական մեծամասնությունը պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկումներում դրական քվեարկեց նոր հանձնաժողովի ստեղծմանը, արդյոք կարելի է՞ ենթադրել, որ իշխանությունը եւս շահագրգիռ է այդ իրադարձությունների վրա լույս սփռելուն՝ «Առավոտի» հարցին Ռուբիկ Հակոբյանն այսպես արձագանքեց. «Որպես քաղաքացի՝ ես իսկապես շատ մեծ ցանկություն ունեմ եւ իմ հնարավորությունների սահմաններում, նաեւ որպես պատգամավոր, կնպաստեմ որպեսզի «Մարտի 1»-ը բացահայտվի, որովհետեւ առանց «Մարտի 1»-ը բացահայտելու չենք կարող բացառել նոր «մարտի 1»-ը: Առավել եւս հիմա, ներքաղաքական այս լարվածության մեջ, երբ տեսնում ես, որ օրենքի դուռը փակված է»: Հիշեցնելով Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը՝ Ռուբիկ Հակոբյանը փաստում է, որ «փակված օրենքի դռան պատճառով քրեական տարրը նորից գլուխ է բարձրացնում՝ փորձելով մտնել քաղաքական գործընթացների մեջ»: Թե ի՞նչ ապագա կունենա ստեղծվելիք հանձնաժողովը, պարոն Հակոբյանը դժվարանում է կանխատեսել, բայց. «Ուզում եմ հավատալ, որ կա ընդհանուր տրամադրություն, որովհետեւ «Մարտի 1»-ը մեր նորանկախ պետության կենսագրության վրա խարան է, եւ շատ ծանր է այդ բեռով առաջ գնալը»: Անկե՞ղծ է,  թե՞ ոչ իշխանությունն իր ցանկություններում՝ ցույց կտա հանձնաժողովի աշխատանքը եւ հանցագործությունները բացահայտելու համար ընձեռվելիք հնարավորությունները:

«Առավոտը» «Ժառանգություն» խմբակցության ղեկավարից հետաքրքրվեց նաեւ՝ հնարավո՞ր է, որ խմբակցությունը վերանայի նախկինում իր արած հայտարարությունը եւ մասնակցի քաղաքական մեծամասնության նախաձեռնած երկխոսությանը՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման օրակարգով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու: «Մոտ մեկ շաբաթ տարբեր ձեւաչափերով 4-5 փուլանոց հանդիպումներ եղան. ես չորս գումարումների խորհրդարանների պատգամավոր եմ եղել, եւ իմ խորհրդարանական պրակտիկայում երբեք չի եղել այնպիսի բան, որ մեծամասնությունը եւ ԱԺ նախագահն ասեն, որ մենք հրավիրում ենք արտահերթ նիստ՝ ներքաղաքական ճգնաժամը քննարկելու համար, եւ այնուհետեւ հրաժարվեն դրանից: Ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», միանգամից արձագանքեցին, նույնիսկ նախագիծ ներկայացրին, իսկ մեծամասնությունը ոչ միայն մերժեց մեր նախագիծը, այլեւ ինքը չներկայացրեց»,- ասում է Հակոբյանը՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչո՞ւ քաղաքական մեծամասնությունը չի օգտվում Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ-օրենքով իրեն սահմանված իրավունքից եւ հրավիրում այդ չարաբաստիկ նիստը: Ստացվում է, որ մեծամասնությունը պարզապես ժամանակ է շահում եւ հայտարարում, որ իբր թե մտահոգություններ ունեն: «Անիմաստ տեղը գնալ եւ նորից դա շարունակել, ֆոն ստեղծել, թե իբր իրենք շահագրգիռ են. կներեք, բայց ես չեմ ուզում ինքս ինձ, իմ միջոցով նաեւ ուրիշներին խաբել: Մենք պատրաստ ենք մասնակցել այդ արտահերթ նիստին եւ առաջարկել մեր ու ՀՅԴ-ի նախագիծը, որը հետագայում որոշ աննշան փոփոխություններով պաշտպանեցին ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն անտեսում է այդ միասնական նախագիծը, իրենք մինչ այժմ գրավոր նախագիծ չեն առաջարկել, ընդամենը բանավոր հայտարարում են, ընդ որում՝ ԱԺ նախագահը մի բան է ասում, Գալուստ Սահակյանը՝ այլ: Մեկ շաբաթ է՝ հայտարարել են, որ բանակցում են. թող հրապարակեն՝  ի՞նչ եղավ այդ բանակցությունները: Չես հասկանում՝ ի վերջո ի՞նչ է, ժամանակը մսխվում է այդ անիմաստ քննարկումների վրա: Ոչ ոք իրենց չի խանգարում արտահերթ նիստ հրավիրել: Բայց, մյուս կողմից էլ, հավանաբար մտածում են, որ մյուս խմբակցությունները միասին կարող են արտահերթ նիստ հրավիրել, ու այդ պատճառով էլ օդում կախած են պահել»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնդիրը «Ժառանգության» մասնակցել-չմասնակցելը չէ, այլ այն, որ ՀՀԿ-ական մեծամասնությունն անկեղծ չէ: Նա գտնում է, որ առավել ընկալելի եւ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն հայտարարի, որ չի ցանկանում, քան այսպես ձգելը. «Ի՞նչ եք մտածում մեկ ամիս շարունակ: Եթե դեմ եք մեր նախագծին, խորհրդարանը հենց այն տեղն է, որտեղ կարելի է գալ, քննարկել եւ մերժել: Եթե համոզված եք, որ ձեր նախագիծն է ճիշտ՝ կարող եք  դնել, ժողովրդին պատճառաբանված ասել, որ այդ նախագծով պետությունը կարող եք այս իրավիճակից հանել՝ քվեարկել ու անցկացնել: Ժողովուրդը պառլամենտարիզմի այբուբենին լավ ծանոթ է, կհասկանա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031