Գուրգեն Եղիազարյանը մտավախություն ունի, որ առաջիկայում իշխանությունները Նաիրի Հունանյանից կազատվեն
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Նաիրի Հունանյանի կյանքին այս օրերին վտանգ է սպառնում: Չի բացառվում, որ Նաիրիին քրեակատարողական հիմնարկում վերացնեն:
Թե ինչից է գալիս պարոն Եղիազարյանի այս մտավախությունը, պարզվում է՝ նա այսպես ասած, «ներքին խոհանոցից» տեղեկություններ է ստացել, որ նման փորձ արդեն եղել է:
«Երեւան քրեակատարողական հիմնարկը գտնվում է ԱԱԾ-ի առաջին հարկում: Անվտանգությունն ունի մի քանի խցեր, բայց հիմնական խցերը գտնվում են արդարադատության նախարարության ենթակայության ներքո: 2008-ի հունվարի 5-13-ը ընկած ժամանակահատվածում, կեսգիշերին մոտ երկու արկղ օղի են բերում Երեւան քրեակատարողական հիմնարկ, բաց են անում խցի դռները, թե եկեք խմեք: Դուք պատկերացնո՞ւմ եք` այնտեղ մենակ 3 հոգի նստած էին` սպանության համար: Այդ թվում` երկու լրջագույն կիլլերներ: Երբ քաղաքացուն զրկում են ազատությունից` 1 նպատակ են հետապնդում` որպեսզի գործով մասնակիցներն իրար հետ չշփվեն եւ նախաքննությանը թյուրիմացության մեջ չգցեն՝ նախապես ցուցմունքներն իրար հետ համաձայնեցնելով: Բայց իշխանությունները բաց են անում դռները, որ բոլոր հանցագործները դուրս գան խցերից` շուրջ 50 մարդ: Իրենց անվտանգության շենքից բաժանում է 1 դուռ: Նրանք գնում-գալիս են, շատ հանգիստ կարող էին գրավել շենքը: Մարդասպանության հոդվածներով նստած մարդիկ են այնտեղ: Այդ թվում նաեւ ծանրագույն հոդվածներով ձերբակալվածներ, որոնք ամեն ինչի ընդունակ էին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` բոլո՞ր խցերի դռներն են բացել` Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Միայն 1 դուռ չեն բացել: Այնտեղ իմ ընկերն է եղել` նախկինում ոստիկանապետ է աշխատել, նրա դուռը փակ են թողել` վախենալով, որ կհասկանար խնդիրը»: Իսկ խնդիրը, ըստ պարոն Եղիազարյանի` այդ օրը «Նաիրիի գլուխը ուտելն էր». «Լուսադեմին բոլորին հետ են տանում խցեր` հայհոյանքով, խփելով: Մի քանի հոգու աշխատանքից հեռացնում են, բայց պետին, որը բացել էր դռները` գլխավոր մեղավորին չեն հեռացնում, ինչը վկայում է այն մասին, որ դա կազմակերպվել է հենց իրենց կողմից: Ես այդ պետին տեսել եմ մարտի 2-ին, երբ ինձ տարել էին խուց»:
Ինչի՞ էր անհրաժեշտ, որ հենց հունվարին խցերը բաց անեին եւ օղի հյուրասիրեին հանցագործներին` պարոն Եղիազարյանն ունի իր բացատրությունը. «Բանն այն է, որ դիմացն ընտրություններ էր եւ սրանք չէին իմանում, թե ինչով կավարտվեր ընտրությունները: Իսկ խցերից մեկում նստած էր նաեւ Նաիրի Հունանյանը: Ուզում են բաց անել դուռը, որ Նաիրի Հունանյանին կախեին: Վերջին պահին պատասխանատու աշխատակիցներից մեկը, ամենայն հավանականությամբ, բանալին փոխած է լինում, որովհետեւ հանցագործները փորձում են դուռը բացել՝ չեն կարողանում: Նրանց մեջ հաստատ կգտնվեին 1-2-ը, որոնք կկախեին, կխեղդեին Նաիրի Հունանյանին, հետո կասեին, որ ընդհանուր վրեժխնդրության արդյունքում էդ տականքից ձերբազատվեցին: Սա է այս իշխանության բնույթը: Նաիրիին ուզում են վերացնել, որ հանկարծ կեղծ ցուցմունք էլ չտա, որովհետեւ Նաիրին ինչ ցուցմունք էլ տվեց` որոշ մարդկանց համար դա վերջնագիր կլինի»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Նաիրի Հունանյանը հոգեկան խնդիրներ չունի. «Իմ կարծիքով նա խաղում է խելագարությունը, որ ապրի: Ինքը գիտի, որ ինքը ապրող չի:
Թե ինչի համար պարոն Եղիազարյանն այս ամենի մասին միայն հիմա է պատմում` այդքան տարի անց` նա բացատրեց, որ մտավախություն ունի, որ նույն փորձը կկիրառեն այս առաջիկա օրերին, փորձելու են ազատվել Նաիրի Հունանյանից, քանի որ նորից վտանգ են զգում, որ կարող է իշխանափոխություն լինի:
Մեր հարցին` ամեն դեպքում կարծում եք իշխանափոխությո՞ւն է լինելու` նա պատասխանեց. «Այո, բայց ոչ Րաֆֆիով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ