Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ անկախության կենսագործումը բանակցային որեւէ փուլում ավելի հասու չի եղել

Մարտ 22,2013 15:17

Սերժ Սարգսյանն օրերս կայացած ասուլիսում բավականին ուշագրավ գնահատականներ հնչեցրեց ղարաբաղյան հակամարտության եւ դրա կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ: Նախագահի հայտարարությունների ու խնդրի շուրջ «Առավոտը» զրուցել է վերլուծաբան Հրաչ Գալստյանի հետ:

 – Պարոն Գալստյան, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականներն առիթ տվեցին եզրակացնելու, որ նրա մոտեցումը նման է կամ առնվազն զուգահեռվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ, որն արտահայտված էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում: Այդպե՞ս է արդյոք:

– Դեռ Պրահայի սկզբունքների հրապարակումից հետո, որոնք հետո տրանսֆորմացվեցին որպես Մադրիդյան սկզբունքներ, դիսկուրս դարձավ այն տեսանկյունը, թե նոր կառավարության քաղաքականությունը մոտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին: Դա մակերեսում եղած փաստերի արձանագրում էր միայն, ինչին նպաստեցին նաեւ նախկին դիվանագետները, որ սկսեցին կետ առ կետ համեմատել, ասենք, «փուլային» տարբերակն ու հրապարակում հայտնված նոր փաստերը: Նմանությունն այնքան է, որ եւ՛ առաջին նախագահի կառավարման շրջանում, եւ՛ հիմա մի այնպիսի դիրքորոշում է առկա, որ հարցը պետք է լուծվի՝ չի կարելի ժամանակ ձգձգել: Եվ հետո, Ղարաբաղի հարցը լուծելու համար պետք է համաձայնությունների ու քայլերի ինչ-որ հաջորդականություն, շղթա: Սրանով նմանությունն ավարտվում է:

– Իսկ ինչո՞ւմ է տարբերությունը:

– Խնդիրն ավելի լայն է: Միգուցե պատերազմից անմիջապես հետո ժամանակը առավել բարենպաստ էր Ղարաբաղի հարցով լավագույն պայմանագիր կնքելու համար: Հայաստանի համար դա կլիներ ձեռնտու պայմանագիր, ճիշտ է՝ ինչ-որ կոմպրոմիսների գնով:

90-ականների կեսերին Ղարաբաղի հարցը փորձում էին լուծել ինքն իր մեջ՝ լուծել բուն կոնֆլիկտը: Այդ ժամանակներում դեռ հնարավոր էր նման մոտեցում՝ թարմ էր ռազմական հաղթանակի գործոնը, թարմ էր պարտության գործոնը, եւ այդ երկու գործոնների միջեւ հավասարակշռություն հնարավոր էր գտնել: Այն ժամանակ կոմպրոմիս բառը տեղին էր, այսինքն՝ կողմերը կարող էին փոխադարձ զիջումների գնալ: Դրան ինչ-որ անուններ էին դրել՝ փուլային լուծում, հետո՝ փաթեթային լուծում եւ այլն: Սկզբունքորեն այս ամենը շատ չէր տարբերվում:

Իրավիճակը բացարձակ այլ էր արդեն 2000-ականներին: Ամեն ինչ փոխվել էր արդեն՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ բուն կոնֆլիկտը, թե՛ մեր երկրները, եւ նաեւ՝ արտաքին կենտրոնների դիրքորոշումները: Հայաստանը քիուեսթյան տարբերակից հետո ավելի հանգիստ էր հնարավոր լուծման կոնֆիգուրացիաների առումով: Ադրբեջանն էլ սկսել էր կենսագործել էներգետիկ ծրագրերը, որոնք եթե նախկինում որոշակիորեն կապվում էին ղարաբաղյան կարգավորման հետ, ապա այժմ զարգանում էին ավտոպիլոտ ռեժիմով: Աշխարհի հզորների ուշադրությունն էլ այլ վայրերում էր՝ համաշխարհային ահաբեկչություն, Աֆղանստան, Իրաք:

Սկսեց ձեւավորվել մի մոտեցում, որ Ղարաբաղի հարցի լուծում՝ ինքն իր մեջ, գոյություն չունի: Այսինքն՝ կոմպրոմիս հասկացությունը, որպես այդպիսին, անիմաստ է դառնում: Բոլոր կողմերի համար էլ զիջումները դառնում էին պակաս հնարավոր կամ ցանկալի, դա կլիներ պայթյունավտանգ նոր իրավիճակի հիմք:

Հասկանալի դարձավ, որ լուծում կարող է լինել միայն ավելի լայն համատեքստում, ինչպես Բալկաններում եղավ: Այն ձեւակերպված չէ որպես միասնական փաթեթ, բայց, այնուամենայնիվ, միասնական՝ մեկը մեկի հետ փոխկապված ինչ-որ գործողություններ ու նախագծեր իրականացվում են: Խնդրի համատեքստն է փոխվում:

Սակայն Եվրոպան կամ որեւէ այլ կենտրոն դեռ բավականաչափ ռեսուրս չունի, որպեսզի այս ամենը որպես միասնական փաթեթ ներկայացնի եւ կատարման ընթացքը, իրացումն արագացնի: Բայց որ փաթեթ կա, եւ այդ փաթեթը պետք է դիտել որպես միասնական՝ դա ակնհայտ է:

Ես դեռ 90-ականների վերջին մի միջազգային կոնֆերանսում ասել եմ, որ խնդրի լուծման համար պետք է առաջին պլանում դնել խաղաղության հասնելու գաղափարը: Ի՞նչ է խաղաղությունը: Դա ռեգիոնում բոլոր սուբյեկտների հավասար զարգացման հնարավորությունն է: Երկրորդը՝ փոխկախվածությունը, սուբյեկտների փոխկախվածությունը միմյանցից եւ աշխարհի ուժային կենտրոններից: Եվ երրորդ, որը կլինի այս ամենի վերջնական ինստիտուտացումը՝ լիազորությունների օտարման պատրաստակամությունն է, դրա համար նոր հարթակների ստեղծումը:

Սա, ըստ էության, ասիմետրիկ ինտեգրացիայի եւ ասիմետրիկ ներկայացվածության սխեման է, որով մարդիկ հազարավոր տարիներ համակեցություն են իրացրել, եւ որը քաղաքական հարթությունում լավագույնս իրացվել է ԵՄ ստեղծումով:

– Իսկ ինչո՞ւմն է Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների մոտեցումների նմանությունն ու տարբերությունը:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը, չնայած կառավարման վերջում գրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, չցանկացավ հիմնախնդրի լուծման հարցում պատասխանատվություն վերցնել: Զիջումների պատասխանատվությունը նա չցանկացավ իր վրա վերցնել:

Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչպես նշեցի, Քի Ուեսթից հետո որոշակի հանգստություն տիրեց, հայտարարվում էր, թե Հայաստանը պատրաստ է բանակցել բոլոր հնարավոր տարբերակների շուրջ, սակայն ամեն ինչ արվում էր երեւակայական ստատուս-քվոն պահպանելու համար: Ժամանակն էլ, կարծես թե, բարենպաստ էր դրա համար:

Նույնը կարող էր անել նաեւ այս իշխանությունը. հինգ տարին արդեն անցել է, ինչ էլ լինի՝ հնարավոր է առաջիկա հինգ տարում եւս խուսափել պատերազմից: Սակայն այս կառավարությունը կուրս վերցրեց առ այն, որ պատրաստակամ է լուծել ԼՂ հիմնախնդիրը: Այլ հարց, որ միջազգային համատեքստը դեռեւս չի հասել այն աստիճանի, որ հնարավոր լինի հիմնահարցը լուծել:

– Պատրաստակամությունն արտահայտվում է նաեւ Մադրիդյան փաստաթուղթը չմերժելո՞վ:

– Այն բանից հետո, երբ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները հրապարակեցին Մադրիդյան սկզբունքները, դրանք արդեն լեգիտիմ են: Կարեւոր է, իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից էլ՝ քանի դեռ այս երկու երկրները հրապարակումից հետո շարունակում են մնալ Մինսկի պրոցեսում, միմյանց պատերազմ չեն հայտարարել, ուրեմն՝ փաստաթուղթն արդեն լեգիտիմ է:

– Դուք նշեցիք, որ փաստաթղթում կար մի տարր, որով այն առանձնանում է նախորդ բոլոր առաջարկներից: Ո՞րն է դա:

– Ամենակարեւոր կետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ժամանակավոր կարգավիճակ: Այս բառակապակցության մեջ կարեւորը «կարգավիճակն» է եւ ոչ թե «միջանկյալը» կամ «ժամանակավորը»: Այսինքն՝ Ղարաբաղը ստանում է միջազգայնորեն երաշխավորված եւ լեգիտիմացված կարգավիճակ, դառնում է միջազգային իրավունքի սուբյեկտ: Իսկ դրանից դեպի անկախությունը, ինչպես ասում են, ժամանակի հարց է: Համենայնդեպս, միջազգային փորձը նման իրավիճակներում խոսում է անկախության կայացման օգտին: Կարելի է ասել, որ ԼՂՀ անկախության կենսագործումը բանակցային որեւէ փուլում կամ տարբերակում ավելի հասու չի եղել:

– Դա չկա՞ր նախորդ փաթեթներում:

– Կար, բայց այդքան հստակ չէր: Այս տարբերակով Արցախը որպես սուբյեկտ կարող է ներկայացվել միջազգային հարթակներում: Արցախը դառնում է միջազգային իրավունքի լեգիտիմ սուբյեկտ: Երեք նախագահների հայտարարությամբ սա լեգիտիմացվել է, եւ մեր ու Ադրբեջանի լուռ համաձայնությամբ նույնպես:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես ցանկանում եմ,որ Հայերը/Հայաստանցիները, ԼՂՀ-ի հարցում, հետևյալը ՇԱՏ ՀՍՏԱԿ պատկերացնեն.

    ա) այսօր միջազգային հանրությունը այս կոնֆլիկտը (հիմնականում կամ ամբողջապես) դիտում է ՀԱՅԱՍՏԱՆԻ և Ադրբեջանի միջև հողային-տարածքային վեճ: Ես անձամբ այստեղ մասնակցել եմ ԼՂ-ի մասին տարբեր դասախոսությունների,քննարկումների,կոնֆերասների (վերջինը՝ 2 տարի առաջ Ամստերդամում): ՈՉ ՈՔ չի խոսում ԼՂՀ-ի մասին,այլ «ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔ ԼՂ-ի մասին»:Սա Հայաստանյան (և ԼՂՀ-ի) ՍԽԱԼ դիվանագիտության արդյունք է:

    բ) ՔԱՆԻ ԴԵՌ Հայաստանը բանակցում է ԼՂՀ.-ի անունից,ապա ԵՐԲԵՔ ԼՂՀ-Ադրբեջան համապարփակ,հայամետ լուծում ՉԻ լինելու:

    գ) Ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին ավելի շատ:

    դ) « սուբյեկտների փոխկախվածությունը միմյանցից եւ աշխարհի ուժային կենտրոններից,… լիազորությունների օտարման պատրաստակամությունն… » ուղղակի ՎՏԱՆԳԱՎՈՐ ու ՍԽԱԼ պատրանք է: Ադրբեջանի նպատակը ՄԻԱՅՆ մեկն է՝ ԼՂՀ-ի ամբողջ տարածքի հետ վերցնելը/գրավումը:

    ե) Այսօր ՀՀ-ն, միջազգային իրավունքի տեսանկյունից, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ կերպով է բանակցում ԼՂՀ-ի անունից: Ադրբեջանը ՀՀ զինվորների ներկայությունը ԼՂՀ-ում ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ բնորոշում է օկուպացիա,որովհետև ՈՉ ՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ պայմանագիր չկա,որի հիման վրա ՀՀ զինվորների ներկայությյունը ԼՂՀ-ում լեգիտիմացնում է:

    Այսինքն, ԿԱՄ ՀՀ-ն պիտի de jure ճանաչի ԼՂՀ-ն,ԿԱՄ de jure օրինական հիմք պիտի ունենա ՀՀ զինված ուժեր ունենալ ԼՂՀ-ում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031