Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի ոգին

Մարտ 22,2013 15:08

Անհատներ կան, որոնք ապրում են եւ նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երեւում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են եւ մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը եւ բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, եւ սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։

Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի եւ մեր անցկացած երկար ու դժվար ճամփի վրա մինչեւ նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը։

Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա եւ ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը։

Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրինը։ Ամեն ազգի մեջ կան եւ միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։

Այո՛, լինում են դեպքեր, մի որեւէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի. եւ նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիկ կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս եւ անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքների՞ մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ։

Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ինչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին եւ ի՞նչ է ուզում նա։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1910

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Աննա Վանաձորից says:

    Հովհաննես Թումանյան

    ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

    Այժըմ ես կըգամ, ասում է աստված,
    Օգնել աղքատին իր ծանըր կըռվում.
    Չեմ թողնի նըրան հավիտյան լըքված,
    Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում։

    Վա՛յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
    Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
    Ու վես, անպատիժ՝ ասիք ձեր սըրտում—
    Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին։

    Մի՞թե կարծում եք՝ չէր տեսնում, լըսում,
    Նա, որ ստեղծեց և աչք, և ականջ.
    Մի՞թե կարծում եք՝ ուժն էր պակասում,
    Եթե համբերեց դատելուց առաջ։

    Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վըրա—
    Հըսկել եմ անքուն ես ձեր գործերին,
    Էլ չեմ դանդաղիլ— գալիս եմ ահա,
    Ե՜ս, Տեր զորությանց— և հուրն իմ ձեռին։

    Ես հուր եմ ձըգում ճընշվածի հոգին—
    Նորա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
    Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
    Նորա թիկունքին՝ գալիս եմ ձեր դեմ։

  2. Համլետ says:

    Անցել է 100-ից մի փոքր ավել տարի,բայց Թումանյանի հարցի պատասխանը չկա ու չկա…
    Կարծես մի պահ՝ ,,մեր արգանդը եղավ սրբորեն բեղուն,, բայց դրա հետ մեկտեղ՝ ծնվեցին,նաև՝ շնագայլերն ու իշամեղուն,բեղուն արգանդից ծնված Հայ Մեծ Իշխաններին հոկտեմբերի 27-ին գնդակահարեցին,ելան շալակն աշխարհի,չքնեցին այնտեղ,որտեղ՝ թաց էր,իրենց մորից առավել,իրենց շահը սիրեցին,ամեն ինչից վեր՝ իրենց փուչ կյանքում՝ աթոռ սիրեցին,Նժդեհին պախարակեցին,Հայրենիք ու երկիր՝ վաճառքի հանեցին,,,մարտի 1,, սարքեցին,լլկեցին,թալանեցին,սպանեցին,սեփական տնից մեզ աքսորեցին,Պուշկինի՝ ,,այստեղով թուրքն է անցել,, բնութագրականի ճշմարտությունն ապացուցեցին…

    -Ո՞րն էր, բաբո, մեր Հայրենիք:
    -Էն, որ ուներ բարձր երկինք,
    Էն, որ ուներ կարմիր արև`
    Յուր կապուտակ գլխի վերև.
    Էն, որ ուներ հազար ու մեկ՝
    Մարդու համար չքնաղ բաներ…
    Մինչ այն պահը, երբ դավադիր
    Թուրք-սելջուկը եկավ զավթեց,
    Ասպատակեց,ապականեց,
    Հոկտեմբերի 27-ին մեզ սպանեց…
    -Ո՞րն է, հիմա, մեր հայրենիք:
    -Էն, որ ունի թուրք-սելջուկից
    Գերեվարված խեղճ ժողովուրդ,
    Էն, որ ունի խղճի,կարոտ,
    Խելքի կարոտ իշխանավոր,
    Էն,որ ԱԺ-ն դարձրել է,
    ,,Ցեղակրոն,, անասնագոմ.
    Էն,որ լոփո ճամարտակում,
    Տոկոս խփում,հեքիաթ ասում,
    Ծուռը բուսնած խիյաներից,
    ՀՀԿ-ական ախցան սարքում,
    Ու մեկ-մեկ էլ իրեն բաբոյից,
    Անկապ,անհամ բաներ ցիտում…
    -Ասա,բաբո,ո՞վ է եղել դրա բաբոն,
    Ինչու՞ համար դրա բաբոն,
    Այն ժամանակ չի հարցրել.-
    -Դու ծնվել էս,որ ի՞նչ անես,
    Որ մեծանաս՝ համը հանե՞ս,
    Մեր հասցեին ուշու՞նց բերես,
    Սերունդներիդ անե՞ցք բերես…
    -Ասա,բաբո,ո՞րն է դրա Հայրենիք,
    Ճամփու դնենք նրան այնտեղ,
    Դհոլ-արտաշով,ԱԽՔ-վ,մախքով,
    Ու վերջում էլ՝ մոմ վառելով…

  3. Մարգար Մախսուդյան says:

    Թվացյալ պարզության մեջ ինչպիսի խորը իմաստնություն է ամբարված, որն ուժ ու վստահություն է ներարկում նույնիսկ 100 տարի՝ չեմ բացառաում նաև՝ հարյուրավոր տարիներ անց…
    Շնորհակալությո՛ւն, պրն Աբրահամյան, որ մեծ Հայի մտքի ջահը փոխանցեցիք մեզ՝ ընթերցողներիս:

  4. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, երբևէ հուսահատվել պետք չէ: Մեր Ազգը կհասնի իր նպատակին: Բազմիցս կրկնել եմ իմ ամենատարբեր մենաբանություններում՝ մեր առաջիկա նպատակն է ունենալ առնվազն Վիլսոնյան Հայաստանի սահմաններում ծաղկող Հայրենիք: Առանց աշխարհագրական համարժեք տարածքի և առանց դեպի ծով ելքի մենք դատապարտված ենք հարատև անհաջողությունների: Բոլոր ազգերի մեջ էլ կան և լավ մարդիկ և տականքներ: Մեր մեջ եղած տականքներն են խանգարում մեր առաջընթացին, սակայն մեր մեջ եղած լավը շատ է՝ ես հավատում եմ դրան: Որոշ մարդկանց տականքայնությունը գալիս է այն բանից, որ դարեր ի վեր մեզ խավար ցեղեր են իշխել և իրենց խավարամտությունը տարածելեն նաև մեր շրջապատում: Այդ կարծրատիպերից դժվար է ազատվել, բայց համամարդկային արժեքներին աստիճանաբար առնչվելով մենք առաջ կգնանք: Միայն հարկավոր է քաջ լինել: Ճակատագիրը բարեհաճ է միայն համարձակների նկատմամբ: Վանենք մեր միջից վախը և մաքրենք տականքներին մեր շարքերից: Ազգն իր հնարավորությունները կարող է ճանաչել՝ միայն ջանալով կիրառել դրանք: Փա՛ռք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ…

  5. sergik says:

    իմ կարծիքով մեր ազգի տառապանքները սկսվեցին էն ժամանակ, երբ ընդունեց քրիստոնեությունը, քիչ թե շատ վերելք ապրեցինք սովետի ժամանակ ու պատճառը իմ կարծիքով նորից նաեւ նրանւմ էր, որ եկեղեցին մեկուսացված էր…միշտ պատմության մեջ նշվում է, որ համախմբվել ենք դժվար պահերին եկեղեցու շուրջ, իսկ գուցե սխալը հենց դա էր, չենք ձգտել ավելիին՝ պետականությանը:

  6. Հայկ says:

    Միանշանակ ասել, թե քրիստոնեություն ընդունելն է պատճառը, որ մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը, երևի թե պետք չէ: Ռուսաստանը, Բրիտանիան, Իսպանիան, Ֆրանսիան նույնպես քրիստոնեություն ընդունած պետություններ են, բայց այսօր իրենց կենսատարածքները պահպանած և նույնիսկ ընդլայնած երկրներ են: Մեր դժբախտությունների պատճառները և օբյեկտիվ են և սուբյեկտիվ: Եթե նայում ենք Հայաստանի քարտեզին,ապա տեսնում ենք, որ մեր աշխարհագրական դիրքն էլ մեծ նշանակություն ունեցավ մեր ճակատագրի համար: Այդպիսի կոորդինատներում գտնվող ժողովուրդը պետք է ընդլայներ իր տարածքները դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք և Սև ծովից մինչև Միջերկրական ծով ստեղծեր հզոր պաշտպանական գոտի: Այսօրվա Թուրքիայի քարտեզին նայելիս ամեն ինչ պարզ է դառնում: Հին աշխարհի ամենալավ կտորը, ամենալավ կենսատարածքը, որը պատկանում էր հույներին և հայերին գտնվում է թուրքերի ձեռքին և Թուրքիայի այսօրվա սահմանները նրա համար զարգացման աշխարհագրական լիարժեք պայմաններ են ապահովում: Թե ով և ինչն էր մեղավոր մեր ճակատագրում՝ արդեն անցած է: Այժմ պետք է առաջ նայել և ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՕՊՏԻՄԱԼ քայլերի միջոցով վերատիրել մեր կորուսյալ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: ԵՍ ՀԱՎԱՏԱՑԱԾ ԵՄ՝ ԴԱ ՄԻ ՕՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԵԼՈՒ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031