Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է: Հասարակական էկոլոգիական դաշինքի ջրաբան-փորձագետ՝ Քնարիկ Հովհաննիսյանը և Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ՝ Կարինե Դանիելյանը «Զարկերակ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին, թե ինչպիսի ջուր ենք մենք խմում, ինչ վիճակում են հանրապետության ջրային պաշարները:
«Մարդիկ և գիտնականները շատ մեծ նշանակություն են տալիս ջրին: Գիտությունը պարզել է, որ ջուրը անկենդան ռեսուրս չէ, ջուրը բնական է: Պարզվում է, որ ջուրը կարող է ինֆորմացիան հասկանալ, տեսնել և լսել: Եթե ջրի ներկայությամբ արտասանում ես որևէ բառ, ապա իմաստից կախված ջուրը փոխում է իր ստրուկտուրան»,- ասաց Կարինե Դանիելյանը:
ՄԱԿ-ի շրջանակներում շատ մեծ ուսումնասիրություններ են իրականացվում ամբողջ մոլորակի մակարդակով: Հրատարակվել է գիրք շրջակա միջավայրի վերաբերյալ, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացվել ջրին: Այս ուսումնասիրությունները տալիս է և դրական, և բացասական փորձը: 62 տարի 9 երկիր աշխատել են Հռենոս գետը փրկելու համար և վերականգնվել է էկո համակարգը:
Չնայած բոլոր աշխատանքներին, էկոլոգիական խնդիրները գնալով խորանում են:
Կարդացեք նաև
«Մեր գետերի ցանցը մեր երկրի արյան անոթներն են, իսկ Սևանը ինձ համար կենդանի օրգանիզմ է: Հայաստանում էլ կա և դրական, և բացասական փորձ և Սևանի օրինակը որպես դրական օրինակ եմ փորձել ներկայացնել, քանի որ ամեն լիճ չի, որ ունի օրենք: Ջրի մակարդակի բարձրացման հետ, ջրի որակի ցուցանիշները լավանում են»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Մոսկվայի հայ մասնագետները, ռուս մասնագետների հետ համատեղ առաջարկություն են ուղարկել Հայաստան, որ Սևանը ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող հուշարձանների ցանկում:
«Ամեն տեսակի տատանում շատ բացասական հետևանք է թողնում, որովհետև Սևանի մակարդակից կախված է մեր գետերի հոսքը: Մեր ջրերը հազվագյուտ քաղցրահամ ջրեր են: Սևանի ռեզերվուարը իրենից ներկայացնում է բարձրադիր քաղցրահամ ջրի ավազան, որը հետագայում կարող է ծառայել որպես խմելու ջրի աղբյուր»,-ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:
Քնարիկ Հովհաննիսյանը նաև նշեց, որ մեր խմելու ջուրը բարձրագույն որակի է և պետք չէ այն համեմատել Եվրոստանդարտների հետ:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ