Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևան»-ի ցուցակում քիչ են գործարարները, ՀՅԴ-ի ցուցակում` հայտնիները, ՀԱԿ-ի ցուցակում շատ են ուսանողները

Մարտ 22,2013 14:56

Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները ներկայացրել են իրենց ցուցակները: Կուսակցությունների շարքում կա մեկ դաշինք` «Բարև Երևան»-ը, որտեղ ներգրավված են  «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», «Պահպանողական կուսակցություն» կուսակցությունների ներկայացուցիչներ:

Դաշինքի ցուցակում ընդգրկված են 64 անդամներ: Առաջին եռյակում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի  տնօրեն Անահիտ Բախշյանն ու «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Դաշինքի ցուցակն առանձնանում է նրանով, որ դրանում ընդգրկված անձանց մեծամասնությունը հասարակական դաշտի ներկայացուցիչներ են. լրագրողներ, հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, իրավաբաններ, բիզնես-խորհրդականներ: Օրինակ`  ցուցակում է  Lurer.com կայքի խմբագիր Դավիթ Սանասարյանը, «Անի Քոչար փրոդաքշըն» ՍՊԸ տնօրեն, Yes ամսագրի հիմնադիր Անի Քոչարյանը, կամ ինչպես շոու-բիզնեսում է  հայտնի՝ Անի Քոչարը: Նշենք, որ նրա ամուսինը «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանն է: «Բարև Երևան»-ի ցուցակում է նաև «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը: Ի տարբերություն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ցուցակների` այստեղ ներկայացված անձանց ընդհանուր թվում փոքր տոկոս են կազմում անհատ ձեռներեցները, գործարարները:

«Բարև Երևան»-ի ցուցակում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որը բազմիցս հանդես է եկել Երևանում տեղի ունեցող ապօրինի շինարարությունների դեմ, հայտնի է պատմամշակութային  հուշարձանների յուրացման դեմ պայքարողների շարքում: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ևս ընդգրկված է «Բարև Երևան»-ի ցուցակում: Ցուցակի 13-րդ հորիզոնականում  «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն է: Երևանի Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով լուրջ հակամարտության մեջ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, ևս այս ցուցակում է:

ՀՅԴ 65 հոգանոց ցուցակում քիչ են հանրության շրջանում ճանաչում ունեցող անձինք: Օրինակ` ցուցակում են «Տուն Դեպո»-ի մատակարարը, ԱԺ վարորդը, «Վիվասել Ղ տելեկոմ» ՓԲԸ զանգերի կենտրոնի օպերատորը և այլք:

ՀՅԴ ցուցակում կան նաև լրատվական դաշտի ներկայացուցիչներ. Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Ալեսյա Բեջանյանը,  «Երկիր խմբագրություն» ՍՊԸ տնօրեն Արայիկ Հովհաննիսյանը:

ՀԱԿ-ի 42 հոգանոց ցուցակում ևս շատ չեն հայտնիները: Փոխարենը մեծ է գործազուրկների թիվը:

ՀԱԿ ցուցակում ընդգրկված են նաև ակադեմիական համակարգի ներկայացուցիչներ. օրինակ` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի  ավագ գիտաշխատող Վահե Բոյաջյանը, ցուցակում կան հատուկենտ գործարարներ, այն մյուս կուսակցությունների ներկայացրած ցուցակներից առանձնանում է ուսանողների մեծ թվով:

Ավագանու ընտրություններին մասնակցում է նաև «Առաքելություն» կուսակցությունը: Ներկայացված 29 հոգանոց ցուցակում մեծ տեղ են զբաղեցնում անկուսակցականները: Մասնավորապես՝  նրանցից 12-ը անկուսակցական են: Ցուցակում հանրության լայն շրջանակներին հայտնի մարդիկ չկան: Ցուցակում հիմնականում ընդգրկված են մարկետոլոգներ, բանկային գործի մասնագետներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031