Դեռ հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ շախմատային փորձագենտերը հաղթողի գլխավոր հավակնորդներ համարում էին Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանին եւ նորվեգացի Մագնուս Կարլսենին: Ըստ կանխագուշակումների, նրանց մրցակցությանը կարող էր միջամտել նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Լոնդոնում խաղացված վեց տուրերից հետո կանխատեսումներն իրականանում են: Արոնյանն ու Կարլսենը 4,5-ական միավորով գլխավորում են ութ մասնակիցներից բաղկացած մրցաշարային աղյուսակը: Նրանք ամբողջ 1,5 միավորով պոկվել են մերձակա հետապնդողներից` նույն Վլադիմիր Կրամնիկից եւ վերջինի հայրենակից Պյոտր Սվիդլերից: Ընդ որում, Սվիդլերի հաջող մասնակցությունը փոքր-ինչ անսպասելի է, քանի որ նա վերջին շրջանում այնքան էլ հաճախ չի երեւում խոշորագույն գերմրցաշարերում:
Այսօր գրոսմայստերներին հանգստյան երկրորդ օրն է տրամադրվել: Իսկ վաղը 7-րդ տուրով կավարտվի առաջին շրջանը: Ո՞վ կնվաճի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին թագի համար ձեռնոց նետելու իրավունքը: Առայժմ վաղ է ասել: Ֆավորիտները հենց Արոնյանը եւ Կարլսենն են: Բայց նրանք դեռ պետք է պայքարեն առաջին շրջանն առաջին տեղով եզրափակելու համար, ինչը շատ կարեւոր է լինելու հետագա պայքարը շարունակելիս: Թե Արոնյանին եւ թե Կարլսենին վաղը դժվարին փորձություն է սպասվում: Լեւոնը հանդիպելու է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, Մագնուսը` Թեյմուր Ռաջաբովի հետ: Երկու առաջատարներն էլ խաղալու են սպիտակներով: Խաղաթղթերը խառնել կարող են Կրամնիկն ու Սվիդլերը, որոնց մրցակիցներն են այս մրցաշարում համեմատաբար անհաջող հանդես եկող Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը:
Հավատանք, որ Արոնյանը կզարգացնի հաջողությունը եւ չորրորդ փորձից կնվաճի միակ հավակնորդ ճանաչվելու իրավունքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ