ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ կարեւորեց այն, որ «մարտի 1»-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման որոշման նախագիծն ընդգրկվել է լիագումար նիստերի օրակարգ, և պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները միանձնյա կողմ են քվեարկել այդ առաջարկությանը: Մարտի 1-ի հանձնաժողովի ղեկավարը պետք է ընտրվի հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ, ով կստանա առնվազն չորս «բալ», կընտրվի նախագահ: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ նախորդ հանձնաժողովի աշխատանքներին ՀԱԿ-ը հրաժարվեց մասնակցել, մինչդեռ այն ժամանակ այդ իրադարձություններն ավելի թարմ էին եւ առավել արդյունավետ կարելի էր աշխատել, Ջհանգիրյանն ասաց. «Մենք չենք մասնակցել նախկին հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նախկինում ՀԱԿ-ի ներկայացուցիչը պետք է ունենար միայն մեկ խորհրդակցական ձայնի իրավունք»:
«Այսօր ժողովրդական շարժումն առաջնորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը և ես ինձ խորհրդատուի դեր չեմ վերապահում, ընտրությունն ու որոշումներն այդ քաղաքական ուժինն են: Մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանափոխության Սահմանադրական ճանապարհն իր մեջ արդեն ամեն ինչ ենթադրում է, իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, և ամեն ինչ կարող է անել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով ներքաղաքական իրավիճակին եւ դրա հանգուցալուծմանը վերաբերվող լրագրողների հարցերին:
Այն դիտարկմանն էլ, որ ՀԱԿ-ականները չեն այցելում Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին`հակադարձեց. «Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանն այցելել են: Ինչի՞ այնտեղ ներկա-բացակա ե՞ն անում»: Թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելում, ասաց. «Ես չեմ այցելել, ես չեմ հասկանում այցելությունների նպատակը, եթե այցերը քաղաքական նպատակ ունեն, ես ինքս կհամոզեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ այցելի»:
Ջհանգիրյանը եւս չի բացառում, որ ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը հաղթահարեն սահմանագիծը, դաշնակցային համաձայնության մեջ մտնեն: Եթե ՀԱԿ-ը հաղթի, քաղաքապետը կլինի Վահագն Խաչատրյանը, ով փորձ ունի և աշխատել է ծանր տարիներին: «Ես սուրճի բաժակ նայող չեմ, որքան մեզ վստահի ժողովուրդն, այդքան էլ կհավաքենք»,- պատասխանեց Ջհանգիրյանն այն հարցին, թե ինչքան ձայն է ակնկալում ՀԱԿ-ը հավաքել Երեւանում:
Կարդացեք նաև
Հավատո՞ւմ է, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար, մեկ այլ հարցի էլ՝ ՀԱԿ պատգամավորը կարճ պատասխանեց. «Ես միայն Աստծո գոյությանն եմ հավատում»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ