Հերոսները չեն մահանում… նրանք ապրում են, քանի դեռ նրանց հիշում են… Հիրավի… Հերոսական կենսագրություն ունեցած և հերոսի մահով անմահացած զինվորի մասին եմ ուզում պատմել, զինվորի, ով հայրենիքը վեր դասեց անձնական մղումներից, ով ընտրեց հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը:
Հրազդանցի զոհված ազատամարտիկ Արսեն Ղազարյանը մարտի 30-ին կդառնար 41 տարեկան, եթե հայրենիքի պաշտպանությունն այդքան կարևոր չլիներ նրա համար: ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող էր, կուրսի ավագ: Երկրորդ կուրսից մեկնեց Արցախ` անդամագրվելով կամավորական ջոկատներից մեկի շարքերում: Շարքային զինվորից մինչև դասակի հարամանատար… Արսենը մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ազատագրման մարտերին` Լաչինի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Հադրութի շրջաններում: Մի քանի անգամ վիրավորվել է, բայց երբեք չի թողել մարտի դաշտը: 1994թ-ի մարտի 30-ին նրան շնորհվում է կապիտանի կոչում, պարգևատրվում է փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: Սակայն թշնամու հերթական գնդակը մահացու դարձավ Արսենի համար`1994թ-ի մայիսի 10-ին:
Արսեն Ղազարյանը հետմահու պարգևատրվել է մի շարք մեդալներով: Այսօր էլ հարազատ ԲՈՒՀ-ում Արսենին սիրում և կարոտում են: Նրա անունով լսարան է բացվել, իսկ ԲՈՒՀ-ի անձնակազմն Արցախյան ազատամարտի զոհված ուսանող, ազատամարտիկ Արսեն Ղազարյանի անվան պատվոգիր է շնորհում մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներին ակտիվ մասնակցություն, ձեռքբերումներ և հաջողություններ գրանցած ուսանողներին:
Սա մի փոքր հոգու հանդարտություն է պարգևում Արսենի մորը, ով հպարտությամբ է պատմում որդու սխրանքների և հայրենիքին անմնացորդ նվիրումի մասին:
Ինգա Հայրիյան` (mynews.am)