«ԲՀԿ-ն գնում է հաղթելու, ԲՀԿ-ն գնում է աշխատելու»,- այսօր այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Մեդիա կենտրոնում» խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին:
Ուրիխանյանի խոսքով` «ԲՀԿ-ն այս ընտրությունների արդյունքում ցանկանում է իրականացնել կոնկրետ փոփոխություններ շոշափելի արդյունքներով, մենք ուզում ենք որ, օրինակ, Երեւանի երթեւեկելի հատվածները, փողոցները լինեն հարթ, որ ավտոմեքենաները չփչացնեն, ստորգետնյա անցումները լինեն մաքուր, ցանկանում ենք, որպեսզի կառավարումը լինի արդյունավետ, մայրաքաղաքը դառնա առավել գրավիչ, դրսից եկածների համար հաճելի, իսկ այս քաղաքի պատասխանատուները գործեն այս քաղաքում այնպես, ինչպես մշտական բնակություն ունեցող մարդիկ»: Ուրիխանյանի ձեւակերպմամբ` ամեն ինչ հարկավոր է անել ընտրությունների օրվան նախորդող շրջանում, ինչը պահանջում է ահռելի կազմակերպչական աշխատանք, քանի որ ընտրությունների օրը ավելի քիչ բան է տեղի ունենում. «Եթե ուժերը միավորվեն, կանգնեն խնդրի լուծմանն ուղղված պայքարի դեմ` ընտրակեղծիքների հարցը կլուծվի, այն կհասցվի նվազագույնի: Երեւանի ավագանու ընտրությունները կուսակցական ընտրություններ են ու եթե նախագահականին չենք մասնակցել, ինչու պիտի ավագանու ընտրություններին չմասնակցենք»,-նշեց Ուրիխանյանը, շեշտելով, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում բարեգործություն չի անելու, քանի որ դա արել է անհատի հիմնադրած անհատական հիմնադրամը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ